«Վալլեքս» ընկերությունը չեղարկում է «Վալլեքս» խմբին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին, տեղեկացնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նշենք, որ ընկերությունը շահագործում է Ալավերդու պղնձաձուլարանը։
Ըստ հաղորդագրության, ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։
«Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով», - ասված է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ ընկերությունը հայտնում է, որ «Վալլեքս» խումբը շարունակելու է Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը՝ ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։
«Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել Ընկերության անձնակազմի հավաքականությունը։ Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես Ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար», - ասված է հաղորդագրությունում։
Անցած շաբաթ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները, ովքեր արդեն 4 ամիս վճարվում են աշխատավարձի երկու երրորդի չափով և կարող էին մարտի 1-ից ազատվել աշխատանքից, բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նրանք փակել էին Ալավերդի քաղաքով անցնող միջպետական երկաթուղին և պահանջում էին հստակ տեղեկություններ տալ պղնձաձուլարանի ճակատագրի վերաբերյալ։
Անցած տարվա հոկտեմբերից աշխատանքը դադարեցրած գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում և բանկը կարող է ցանկացած պահի «Վալլեքս» ընկերությանն ավելի քան 300 միլիոն դոլարի պարտքի դիմաց վերցնել ձուլարանը։
Կառավարության, «Վալլեքս» ընկերության և ՎՏԲ բանկի միջև ամիսներ շարունակ ձգվող բանակցությունները՝ աշխատատեղերը պահպանելու մասին, դեռ շարունակվում են։