Մատչելիության հղումներ

CNN. Միջազգային առաջնորդը Բայդենին բերեց ուշադրության կենտրոն


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Երկրորդ օրն է Հայաստանի նախագահի անունը չի իջնում ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գլխագրերից:

Արմեն Սարգսյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ Մյունխենում ունեցած կարճատև հանդիպման պատճառով: Ոտքի վրա տեղի ունեցած երկխոսություն, որի ընթացքում Հայաստանի նախագահը հնչեցրել է Ամերիկայի ներքաղաքական կյանքի ամենաինտրիգային հարցերից մեկը՝ առաջադրվելո՞ւ է արդյոք դեմոկրատ Բայդենը 2020-ին կայանալիք ընտրություններում:

Ջերմ ողջույնից ու կատակներից հետո Արմեն Սարգսյանը Բայդենին է ուղղել այս օրերին Ամերիկայում ամենից շատ քննարկվող հարցը՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու ե՞ք: Բայդենը, որ մինչ այդ բարձրաձայն ծիծաղում ու կատակում էր, տեղում փոխում է խոսացության տոնայնությունն ու պատասխանում համարյա անսլելի ձայնով: Արմեն Սարգսյանի արձագանքը ևս չի լսվում: Երկու գործիչները սկսում են խոսել շշուկով՝ էլ ավելի բորբոքելով լրատվամիջոցների հետաքրքրությունը: Հեռանալիս ԱՄՆ նախկին փոխնախագահը Արմեն Սարգսյանին է փոխանցում իր այցեքարտը:

«Միջազգային առաջնորդը Բայդենին բերեց ուշադրության կենտրոն»,- մեկնաբանել է CNN-ը: Թեմային անդրադարձել է հեռուստաընկերության քաղաքական բաժնի տնօրեն Դեյվիդ Չալյանը՝ փորձելով վերծանել, կամ գոնե գուշակել, թե ինչ էին փոխանցում իրար երկու գործիչները ժեստերի ու շշուկների օգնությամբ:

«Բայդենին ծանոթ մարդիկ ասում են, որ ըստ ամենայնի, ամեն ինչ հուշում է, որ նա պատրաստվում է մտնել ընտրապայքարի մեջ: Այդուամենայնիվ, պետք է զգուշավոր լինել այս հարցում, քանի որ պաշտոնապես, դեռ նման հայտարարություն չի եղել», - ասել է Չալյանը:

77-ամյա Բայդենը դեռ երկու տարի առաջ է հայտարարել, որ չի բացառում իր մասնակցությունը 2020-ի ընտրություններում, սակայն, մինչև օրս պաշտոնապես այդ մտադրությունը չի հաստատել:

Անցած շաբաթ, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում, Բայդենը քննադատել էր Սպիտակ տան ներկայիս քաղաքականությունը՝առանց նախագահ Թրամփի անունը հնչեցնելու․ - «Վերջին տարիներին ես եղել եմ մի շարք նահանգներում, և կարող եմ ասել՝ Ամերիկան, որ ես տեսա, երես չի թեքում աշխարհից կամ իր դաշնակիցներից: Ամերիկայի ժողովուրդը հասկանում է, որ միայն համագործակցությամբ կարող ենք դիմակայել աշխարհի՝ արագորեն փոփոխվող ուժերին: Ամերիկան, որ տեսա, քաջալերում է խոսքի ազատությունն ու օրենքի գերիշխանությունը և հակազդում բռնապետներին, օլիգարխներին ու կաշառակերներին: Ամերիկան գնահատում է մարդկային արժանապատվությունը, ոչ թե խլում է երեխաներին ծնողներից, կամ մեջքով շրջվում դեպի մեր սահմանին կանգնած փախստականները: Ամերիկացիները գիտեն, որ սա ճիշտ մոտեցում չէ»:

Տեղական լրատվամիջոցների վերջին հարցումներով, Բայդենը համարվում է առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատական ճամբարի ամենաբարձր վարկանիշն ունեցող թեկնածուներից մեկը:

Այս թևում բարձր վարկանիշ ունեցող մյուս թեկնածուն սենատոր Բերնի Սանդերսն է, ով, ի դեպ, Բայդենի շուրջ ակտիվացած խոսակցությունների ֆոնին այսօր հայտարարեց, թե պատրաստ է երկրորդ անգամ մասնակցել նախագահական մրցապայքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG