Մատչելիության հղումներ

ԱԺ որոշ պատգամավորներ ևս բողոքում են գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափից


Գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափի վերաբերյալ դժգոհություններով Ֆեյսբուքը հեղեղված է, մինչդեռ պատկան մարմինները գրավոր դիմումներ են պահանջում խնդրի պատճառները պարզելու համար:

Բողոքողների թվում են նաև Ազգային ժողովի պատգամավորներ: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի սպառած էլեկտրաէներգիան մի քանի անգամ ավելի է եղել նախորդ ամսվանից:

«Արձանագրվել է իմ հաշվիչին էլեկտրականության օգտագործման մի քանի անգամ ավել գումար, մոտ 280 հազարի չափով», - նշեց Արմեն Խաչատրյանը։

Հավելագրո՞ւմ է, թե՞ տեխնիկական խնդիր: Պատգամավորը փորձել է հարցի պատասխանը ստանալ՝ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրելով: Պատգամավորի գրառմանը արձագանքել են հարյուրավոր օգտատերեր՝ նույն դժգոհություններով: Քաղաքացիները փաստում են, որ սպառել են գրեթե նախորդ ամսվա ծավալով, բայց արձանագրվել է կրկնակի կամ եռակի ցուցանիշ:

«Դե ես մտածել եմ, որ դա տեխնիկական ինչ-որ խնդիր է, ինչ-որ մի բան խափանվել է, որի արդյունքում սխալ արձանագրում է կատարվել։ Սակայն, երբ ուշադրություն դարձրեցի նաև հասարակության մեջ խոսակցություններին, մտահոգություններին, տեսա, որ այդ դեպքերը շատ են», - ասաց Խաչատրյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ է հանկարծակիի եկել էլեկտրաէներգիայի վճարի չափից:

«Տարօրինակ բան է պատահել․ նախանցած ամսվա վճարը եղել է մոտավորապես 30 հազար իմ երկսենյականոց բնակարանում, այս ամսվանը եղել է 52։ Կտրուկ, համարյա երկու անգամ աճել է։ Իմ ջեռուցումը հոսանքով է տան, իմիջիայլոց, մենք գիտենք, որ կտրուկ ցրտեր չեն եղել, որ անմիջապես երկու անգամ ավել հոսանք օգտագործվի։ Մտահոգիչ է այն առումով, որ անհասկանալի է՝ ինչի՞ համար միանգամից երկու անգամ ավել եղավ։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ բնավ չի նշանակում, որ ձվի մեջ մազ ենք ման գալիս, ոչ: Պարզապես բավականին մտահոգիչ է», - ասաց Արման Աբովյանը։

Թեև քաղաքացիները պնդում են, որ իրենց կենցաղում ոչինչ չի փոխվել և բնակարանը ջեռուցել են նույն ռեժիմով, Հայաստանի էլեկտրական ցանցերից պարզաբանում են՝ սովորականից մեծ թվերը պայմանավորված են տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Այդուհանդերձ, բաժանորդներին խնդրում են դիմել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը:

Քաղաքացիներից գրավոր բողոքներ են պահանջում նաև «Գազպրոմ Արմենիայից»: Ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանն է պարզաբանում հավելյալ վճարների հնարավոր պատճառը. - «Առհասարակ սպառման ծավալների որոշակի ավելացման հիմնական գործոնը պայմանավորված է արտաքին օդի ջերմաստիճանով, երբ մեծանում են բնակարանների, տների արտաքին պատերից ջերմային կորուստները, ինչը պետք է փոխհատուցվի ավելի շատ քանակությամբ գազի սպառման ծավալով»։

Անդրադառնալով համատարած դժգոհություններին՝ Հարությունյանը պնդեց, թե դեկտեմբերից մինչև օրս սպառված գազի դիմաց հաշվեգրված գումարի վերաբերյալ մեկ բողոք են ստացել:

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր անհամաձայնության կամ բողոքի անհատապես անդրադառնալ, և մենք հորդորում ենք, եթե մեր բաժանորդների մոտ կան այդպիսի հարցեր, դիմեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության թեժ գծին կամ մեր մասնաճյուղեր», - նշեց Միխայել Հարությունյանը։

Արմեն Խաչատրյանը պատրաստվում է հարցումներ ուղարկել պատասխանատու մարմիններին և պարզաբանումներ պահանջել․ - «Կարելի է ասել՝ այս պահին քննարկում ենք անում և փորձում հասկանալ ծավալները: Այնուհետև պատկան մարմիններից պարզաբանումներ եմ պահանջելու և հետևողական եմ լինելու այս խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ»:

Սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց հաշվեգրված գումարների վերաբերյալ բաժանորդների կասկածները Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն էլ փարատել չի կարող, քանի դեռ գրավոր դիմումներ չեն ստացել: Հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ խնդիրը ուսումնասիրման առարկա կդառնա, եթե հավելագրման վերաբերյալ գոնե մեկ դիմում ստանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG