Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ում հարուցված քրգործով մեղադրվում է խարդախության մեջ


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ԱԱԾ-ում հարուցված գործով իր պաշտպանյալը մեղադրվում է խարդախության մեջ։

Փաստաբանն ասաց, որ խոսքը վերաբերում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին: Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։

Պողոսյանը պնդեց, որ ներկայացված մեղադրանքը անհիմն է։

2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):

Դրանից հետո ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը Նարեկ Սարգսյանի պատկանող տարածքներում և նրա հոր բնակարանում խուզարկությամբ հայտնաբերել էր գումար, թմրանյութ և Մարտիրոս Սարյանի նկարներ, որոնք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ստացել է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով: Նարեկ Սարգսյանն դեռ անցած տարեվերջից ձերբակալվել է Պրահայում և դեռևս Հայաստան չի արտահանձնվել:

Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը, պատճառաբանելով, թե դա նախաքննական գաղտնիք է, չմեկնաբանեց այն տեղեկությունը, թե Ալեքսանդր Սարգսյանը 18,5 միլիոն դոլար է փոխանցել պետբյուջե։

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատեց, որ Ալեքսանդր Սարգսյանը պետբյուջե է փոխանցել 18,5 մլն դոլար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թե՛ Ալեքսանդր Սարգսյանի և թե՛ մյուսների գործերով թափանիցկություն է անհրաժեշտ։ Մարուքյանը նշեց, որ եթե Ալեքսանդր Սարգսյանը 200-300 միլիոն դոլար վերադարձնի պետությանը, ինքը կների նրան: «18,5 միլիոն դոլարը քիչ է», - ասաց պատգամավորը՝ հորդորելով իրավապահներին պարզաբանումներ ներկայացնել։

«Դա թափանցիկ պրոցես չի: Ես, օրինակ, չեմ հասկանում ինչի՞ է վերադարձրել, քրեական գործ կա, դատարանն է բռնագանձել, էդ ի՞նչ պրոցես է։ Պետք է իմնանանք չէ՞, պետք է թափանցիկ լինի։ Կարող է 50 պետք է վերադարձներ: Եվ ավելին ասեմ․ եթե ինչ-որ մեկը հանցագործություն է արել, վերջին դատարանը չպե՞տք է որոշի՝ էդ մարդը ազատազրկվի, թե չազատազրկվի։ Չէ լավ է, ես ողջունում եմ, որ վերադարձրել է, բայց ուզում եմ հասկանանք՝ դա ի՞նչ պրոցեսի արդյունք է», - ասաց Մարուքյանը։

Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:

Քրեական գործերով անցող ևս մի քանի հոգի ավելի վաղ պետությանը գույք նվիրաբերելու պատրաստակամություն էին հայտնել: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն «Ազատությանը» փոխանցեց, որ թե՛ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և թե՛ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի գույքը պետությանը դեռ չի անցել։

Մի քանի ծանր հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանն իր փաստաբանների միջոցով ամիսներ առաջ հայտարարել էր, որ ցանկանում է Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրել պետությանը:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի խոսքով՝ քանի որ Գրիգորյանի գույքը քրեական գործի պրոցեսի մաս է կազմում, այդ գործարքին առայժմ ընթացք չի տրվի։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում։

Իսկ ահա Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանն ամիսներ առաջ հայտարարել էր Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին: Նարեկ Բաբայանն ասաց, որ այդ առումով կան որոշակի խնդիրներ՝ քննարկվում է նիրատվությունն ընդունելու մեխանիզմները, քանի որ Ավետիսյանին պատկանող այդ ընկերությունն ունի նաև այլ գույք և դրանցից մեկը նվիրելու դեպքում առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ ըստ օրենքի, նվիրատուն 3 տարվա ընթացքում կարող է այն հետ վերցնել։ Պաշտոնյան նշեց, որ այս գործընթացը մի քամի ամիս կտևի, և դրա համար կառավարությունը որոշում պետք է ընդունի։

Ամիսներ առաջ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման դեպքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG