Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, երեկ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա:
Նույն օրը Արցախի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով խորհրդատվություններ և բանակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացում՝ փորձի փոխանակման, աշխատանքային կապերի հաստատման և ամրապնդման, տարատեսակ փորձուսուցումների կազմակերպման ոլորտներում, դիվանագիտական կադրերի նախապատրաստման համար հնարավորությունների փոխադարձ օգտագործման նպատակով պայմաններ ստեղծելու հարցում։
Այցի շրջանակում տեղի է ունեցել Մասիս Մայիլյանի և Դմիտրի Մեդոևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ստորագրված Համաձայնագրի շրջանակներում համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր: