Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետի և մյուս 10-ի գործով նախաքննությունն ավարտվել է


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, հունիս, 2018թ․
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, հունիս, 2018թ․

Ավարտվել է 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` մի խումբ քաղաքացիներ, նպատակ ունենալով խոչընդոտել 2018 -ի ապրիլին Երևան քաղաքում և մարզերում կազմակերպված խաղաղ հավաքների և երթերի ընթացքը, կազմել են խմբեր և դիտավորյալ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական դրդումներով հայհոյանքներ տալով՝ բռնություն են գործադրել հավաքների մասնակիցների նկատմամբ:

Գործով կալանավորված անձ այս պահին չկա։ Տուժողների թիվը 15-ն է։ Անցած հուլիսին կալանավորված, ապա սեպտեմբերին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Մասիսի քաղաքապետին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մեղադրանքը կապվում է անցած ապրիլի 22-ին Էրեբունի համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ, ըստ քննչական կոմիտեի, մի խումբ անձինք, «բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել»։

Իսկ ահա նրա եղբայրը մեղադրվում է նաև Կորյուն-Հերացի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: Տուժողներից Անդրանիկ Մանուկյանի և Արտակ Բաբայանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատմում է՝ ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում Գոռ Համբարձումյանը բռնության է ենթարկել իր պաշտպանյալներին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ընդ որում՝ ոստիկանների ներկայությամբ: Այս միջադեպն, ի դեպ, արձանագրել էր նաև «Ազատության» տեսախցիկը:

«Իմ վստահորդները այդ օրը, ինչպես գիտեք, փողոց էին փակել, և այս անձինք եկել են իբր պատճառաբանություն են ներկայացրել, որ բժշկի են գնում, սակայն առանց հիմնավորման նրանց սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, մեքենաներով փորձում էին հավաքի մասնակիցներին վրաերթի ենթարկել։ Պաշտպանյալներս մարմնական վնասվածքներ էին ստացել, մասնավորապես՝ Անդրանիկ Մանուկյանը միանգամից բժշկական օգնության է դիմել, որտեղ որ ֆիքսել են վերջինիս մարմնական վնասվածքները, իսկ մյուս տուժողի մասով՝ նա չի դիմել բժշկական օգնության», - նշեց պաշտպանը։

Տուժածների փաստաբանը կարծում է՝ նախաքննական մարմինը պատշաճ քննություն է իրականացրել։

«Շատ կարևոր է նրանց քրեական պատասխանատվությունը, որ, ի վերջո, այդ օրերին տեղի ունեցող բռնությունները և դրանից բացի նաև այն ոստիկանները, որ էդտեղ եղել են ու որևէ քայլ չէին ձեռնարկում․․․ Այդ ամեն ինչը ավարտվելուց հետո, իրականում նրանք «բժշկի էին գնում, հիվանդանոց էին գնում», այդ փողոցը բացվեց, սակայն նրանք շուռ եկան և այն ճանապարհով գնացին, որ ճանապարհով եկել էին։ Այսինքն՝ նրանք կոնկրետ եկել էին այդ ցույցը խափանելու», - ասաց Ղարագյոզյանը։

Մինչդեռ Մասիսի քաղաքապետի, նրա եղբոր, փոխքաղաքապետի և ևս վեց մեղադրյալների փաստաբան Տիգրան Աթանեսյանը գոհ չէ իրավապահների աշխատանքից:

«Խայտառակ նախաքննություն է։ Այդտեղ բազմակողմանիության, օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող։ Չեն կատարվել վկաների հետ առերեսումներ, ընդ որում՝ այն վկաների հետ, որ կատարվել են առերեսումներ, վկաներն ամբողջությամբ փոխել են իրենց ցուցմունքները և հերքել են Դավիթ Համբարձումյանի և մյուսների առնչությունը իրենց մեղսագրվող արարքներին՝ մի շարք դրվագներով, չեն հարցաքննվել մեր վկաները, չեն նշանակվել փորձաքննություններ, չեն ստուգվել անմեղությունը հաստատող որոշ մեղադրյալների վարկածները։ Այսինքն՝ սա իշխանություններին շողոքորթելու նախաքննություն է, որը ամբողջությամբ տապալվելու է դատարանում», - նշեց Տիգրան Աթանեսյանը։

Ավելին՝ Աթանեսյանը սովորական, կենցաղային ընդհարում է համարում Կորյուն-Հերացի խաչմերուկում կատարված միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG