Թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի բոլոր նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում, գրադարաններում, թանգարաններում ամենատարբեր նախաձեռնություններով հատուկ նախապատրաստվել են այս հոբելյանին:
Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ մեծ բանաստեղծի օրը Հայաստանի գրողների միության կողմից հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»:
Այսօր առավոտվանից մարդաշատ էր արդեն մեծ բանաստեղծի մայրաքաղաքում գտնվող տուն-թանգարանը, որն իր այցելուների համար հատուկ ծրագրեր էր նախապատրաստել թե՛ Թումանյանի հյուրընկալ հարկի ներքո, թե՛ թանգարանին հարող տարածքում, որտեղ դպրոցականներն առավոտից խումբ-խումբ արտասանում էին, երգում և ունկնդրում տարբեր երաժշտական համույթների:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ասաց․ - «Թանգարանում ուղղակի տրամադրությունը ֆանտաստիկ է, և վստահ եմ, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում է էսպես լինելու: Որովհետև իսկապես Մեծ հայը իր հյուրասեր, հյուրընկալ և արևոտ տեսակով արև է դարձրել մեր օրը, դուրսը, ներսը: Հիմա մենք ուղիղ կապով տեսնում ենք, թե Դսեղում ինչ շարժ է: Օրվա ընթացքում անընդհատ տեսակապ կապահովենք, որպեսզի մեր երևանյան այցելուները կարողանան նաև մասնակիցը լինել դսեղյան, նաև Թբիլիսիում տեղի ունեցող միջոցառումներին․․․ Թումանյանի օրհնությունը թող բոլորիս լինի»:
Այսօր առավոտվանից մարդաշատ է նաև բանաստեղծի ծննդավայրը՝ Դսեղը, որտեղ գտնվող բանաստեղծի տուն- թանգարանը վաղուց ուխտատեղի է դարձել թերևս յուրաքանչյուր հայ մարդու համար:
Դե իսկ Թբիլիսիում գտնվող նրա տունը, որտեղ բանաստեղծ ապրել է իր բազմանդամ ընտանիքով, և որն այժմ հայկական մշակույթի կենտրոնն է, նույնպես բնականաբար անմասն չի մնացել հոբելյանական նախաձեռնություններից :
Թբիլիսիի հայ գրողներն ու հասարակական գործիչները Հայաստանից ժամանած պատվիրակության հետ իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեծ գրողի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Խոջիվանքում գտնող Հովհաննես Թումանյանի շիրիմին: Իսկ երեկոյան Վրաստանի Խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա գրական-գեղարվեստական երեկո «Թումանյանը մեզ հետ է» խորագրի ներքո՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» հոգևոր երգչախմբի և մենակատաների մասնակցությամբ:
«Ազատության» հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց․ - «Իր կյանքի վերջին հանգրվանում նա ոչ թե իր ժողովրդի զավակն էր, այլ հայրն էր, հայրական իրավունքներ ուներ, իր ժողովրդին նվիրեց այն ամեն նվիրականը՝ ընդհուպ իր տասը զավակներին․ տղաներին՝ որպես զինվոր, աղջիկներին՝ գթության քույրեր: Մենք ուղղակի իրավունք չունենք ուրանալու և չվերծանելու նրանց ապրած օրն ու ժամը»:
Հարցին, թե արդյոք չկա այսօրվա հայացքով ուսումնասիրել Թումանյանի ժառանգությունը, Վարդանյանն արձագանքեց․ - «21-րդ դարը որպես հանգրվան ընդունելով՝ պիտի Թումանյանին նայենք․․․ նրա համախմբիչ դերը պիտի բարձրացնենք: Ամիսներ առաջ ի՜նչ ազնիվ հորձանք բխեց, և կարգախոսը՝ սեր և համերաշխություն: Հենց սերն ու համերաշխությունը Թումանյանն է, չէ՞: Եկեք փարվենք նրան, և հենց դա էլ կլինի 21-րդ դարի հայացքը: Միաբան, համերաշխ, միակամ Հայաստանի և հայության հայացքը»: