Մատչելիության հղումներ

«Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին». Փաշինյան


Վարչապետն ընդգծեց՝ Թումանյանի ասելիքն իր ժողովրդին եղել է մեկը՝ «վե՛ր կաց և քայլի՛ր»։

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում հավատալու, դժվարությունների առաջ չկոտրվելու և սեփական ուժերին վստահելու ուղերձ հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հովհաննես Թումանյանը երբեք չի կոտրվել, որովհետև հավատացել է իր ուժին, և այն ժամանակ, երբ թվում է, թե պիտի ծնկեր, ինքն իրեն ասել է՝ վեր կաց և քայլիր», - բանաստեղծի ծննդյան 150-ամյակին նվիրված տոնակատարությանն իր ելույթում ասաց վարչապետը։ - «

Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին, այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ Դսեղում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ - «Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին։ Եվ իր ժողովրդին ասելիքը եղել է մեկը՝ «վե՛ր կաց և քայլի՛ր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր դու քեզ, քո ուժին, քո հայրենիքին, քո անցյալին և ապագային, վե՛ր կաց և քայլի՛ր»:

Վարչապետը, ով տնտեսական հեղափոխության իր ծրագրում նշել էր, որ խրախուսելու է աշխատանքն ու մեծացնելու վստահությունը հասարակության շրջանում, Թումանյանի անունից կոչ ուղղեց հայ ժողովրդին․ - «Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չե՛ս, դու պարտվող չե՛ս, դու մուրացիկ չե՛ս: Վե՛ր կաց և քայլի՛ր»:

Այսօր Մեծ բանաստեղծի ծննդավայրը մարդաշատ էր։ Լոռու մարզի տարբեր համայնքներից հյուրեր կային։ Լոռեցիները նշում էին, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Թումանյանի հայրենակիցն ու կրել նրա խորհուրդները։

Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումները, որ անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում, այսօր մեկնարկել են նաև Երևանում ու Թբիլիսիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG