Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն մանրամասներ է հաղորդում Սեդրակ Քոչարյանի քրեական գործով


Սեդրակ Քոչարյան, արխիվ
Սեդրակ Քոչարյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի, երկրորդ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը Սեդրակ Քոչարյանի պաշտպանները դեռևս չեն մեկնաբանում, մինչ այդ Ռոբետր Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնում է, որ Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Ազգային անվտանգության ծառայությանը՝ իր անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտելու համար։
Երեկ Սեդրակ Քոչարյանը երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել էր, որ իրեն մեղադրանք են առաջադրել շինծու մի գործով։

ԱԱԾ-ն մասնավորապես հայտնում է, որ, ըստ իրենց ուսումնասիրության, Սեդրակ Քոչարյանը իր հիմնադրած ընկերություններից մեկում կազմակերպել և ղեկավարել է հարկման հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթաց, որից հետո, ցանկանալով թաքցնել պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումներ կատարելով։

ԱԱԾ-ն նաև պնդում է, որ երրորդ անձից ավելի քան 5 միլիոն դոլար անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ է ձևակերպել և իր ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարել է կնքել 2 անհատույց փոխառության պայմանագրեր, ինչի հետևանքով ի վերջո 5 միլիոն 300 հազար դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ:

Ըստ ԱԱԾ-ի՝ Քոչարյանը նաև երրորդ անձից անհատույց ստացած գումարի եկամտային հարկը նվազեցնելու նպատակով որոշակի կեղծիքներ է արել, որի հետևանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 միլիարդ 900 միլիոն դրամի հարկեր։

ԱԱԾ-ի տարածած հազորդագրությունում նշված է՝ ի վերջո Սեդրակ Քոչարյանը պետական բյուջե չվճարված հարկից առաջացած գումարները միախառնել է իր բանկային հաշվին եղած միլիոնների հետ, դրանց օրինական տեսք տալու համար, և ի վերջո այդ եկամուտներն ուղղել է «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելուն։

Իրավապահների պնդմամբ՝ Քոչարյանին պատկանող ՍՊ ընկերության տնօրենը՝ Ալեքսան Որսկանյանը, ընդունել է մեղքը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով։

Երեկ տված հարցազրույցում Սեդրակ Քոչարյանը իր դեմ քրեական գործի հարուցումը համարում է իր ընտանիքի հանդեպ վայրագ ու բարոյականությունից զուրկ իշխանական հարձակում, որը շարունակվում է արդեն 10 ամիս։

Ըստ պետռեգիստրի տվյալների՝ Սեդրակ Քոչարյանը 2005 թվականից ի վեր ավելի քան 10 ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր է, հայտնի անձանցից նրա հետ տարբեր ընկերությունների հիմնադիրներ են Սամվել Մայրապետյանը, Նարեկ Լյովայի Սարգսյանը, Արմեն Թավադյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, «Արարատ» հեռուստաընկերության նոր սեփականատերն է, ինչպես նաև Վարդուհի Որսկանյանը, ում ազգանունը համընկնում է ԱԱԾ-ի հաղորդագրությունում նշված, նույն քերական գործով անցնող Ալեքսան Որսկանյանի ազգանվանը։

Դեռ սեպտեմբերին 2rd.am-ին տված հարցազրույցում իր ընտանիքի բինզես գործունեության մասին Ռոբետր Քոչարյանը նշել էր, որ «ընտանիքի անդամները երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, 15-16 տարի է զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են»:

«Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով», - նշել էր Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG