Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և Հայաստանի մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի:
Կոմիտեն նշում է, որ իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքերի հանգամանքներն ու շարժառիթը:
«Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` մի խումբ քաղաքացիներ, նպատակ ունենալով խոչընդոտել 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և մարզերում կազմակերպված խաղաղ հավաքների և երթերի ընթացքը, կազմել են խմբեր և դիտավորյալ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական դրդումներով հայհոյանքներ տալով՝ բռնություն են գործադրել հավաքների մասնակիցների նկատմամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 11 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի [Զանգվածային անկարգություններ] 2-րդ և 258-րդ հոդվածի [Խուլիգանություն] 4-րդ մասով, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Ս. Սահակյանին, Ա. Հակոբյանին, Ա. Խանջյանին, Ա. Մամուլյանին և Գ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Մ. Պողոսյանին և Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ մասի 4-րդ կետով: Մ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով», - ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: