Մատչելիության հղումներ

Թեղուտի և Շնողի 106 ընտանիքներ մտադիր են վերաբացել իրենց գործերի քննությունը հայաստանյան դատարաններում


Թեղուտի և Շնողի 106 ընտանիքները, որոնք 10 տարի առաջ հանքարդյունաբերության հետևանքով զրկվել են սեփական հողատարածքներից, մտադիր են վերաբացել իրենց գործերի քննությունը հայաստանյան դատարաններում։

Նրանց փաստաբան Կարեն Թումանյանն ասում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ հօգուտ գյուղացիների կայացրած վճիռներից հետո արդեն ավելի քան 45 ընտանիքներից դիմումներ է ստացել և պատրաստվում է կրկին դիմել դատարան՝ գյուղացիների սեփականության իրավունքը վերականգնելու պահանջով․ - «Եվրոպական դատարանը հողի արժեք չի հատուցել, ինքը ընդամենը մի սիմվոլիկ գումար ա որոշել: Եվրոպական դատարանը ոչ մի գործով չի նշում, որ պետք է նորից քննվի կամ նորից չքննվի: Այս խախտումը ինձ համար, մեզ համար մեր օրենսդրության տեսակետից հիմք է գործը վերաբացելու, այսինքն՝ նոր հանգամանքով դիմելու և քննություն կատարելու․ զրկվել սեփականության իրավունքից, դրա դիմաց ինքը հատուցում ստանալո՞ւ է, թե՞ ոչ»:

Անցած շաբաթ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության դեմ 6 վճիռ է հրապարակել, ըստ որոնց՝ Թեղուտում և Շնողում հանքարդյունաբերության նպատակով գյուղացիներին ապօրինի են սեփականազրկել: 6 ընտանիքները ընդհանուր առմամբ պետությունից սեփականության իրավունքի խախտման համար որպես փոխհատուցում կստանան 70 հազար եվրո:

Փաստաբան Թումանյանն «Ազատությանն» ասաց, որ նմանատիպ դեռ 45-50 գործ կա, որոնց մասով գյուղացիները Ստրասբուրգի դատարանից վճռի են սպասում․ - «Էս նույն Վարդանանց պատերազմի բարոյական հաղթանակն ա, չի տարբերվում դրանից»:

Գյուղացիներին ունեզրկելու պետության և «Վալլեքս» ընկերության որոշումներից ամենաշատը տուժել է շնողցի Լյովա Ալիխանյանը։ Դատական կարգով չնչին գումարի դիմաց նրա ձեռքից վերցրել էին 6 հա տարածք, այդ թվում այգիներ, խոտհարքներ, անասնագոմեր ու այլ շինություններ։ Եվրոպական դատարանի կայացրած վճռով պետությունից 17 հազար եվրո կստանա։

«Վալլեքսը ինչ կարար իմ ընտանիքի հանդեպ անելու, արել պրծել ա․ իմ երեք տղաները իրանց ընտանիքներով հեռացել են, հայրենազրկվել են նրանք․․․ Ես ու կինս ստի պահակ ենք մնացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալիխանյանը:

Հանքարդյունաբերող «Վալլեքս» ընկերությունը 10 տարի առաջ Թեղուտ և Շնող գյուղերի 427 ընտանիքից ավելի քան 350 հեկտար հողեր, այգիներ ու տարածքներ վերցրեց։ 106 ընտանիք ընդդիմանում էր, չէր համաձայնում առաջարկվող արժեքին, և միայն դատական կարգով ընկերությունը կարողացավ ստանալ նրանց պատկանող 81 հեկտար տարածքը։

Շնողցի Վարդան Վարդանյանը երկու հեկտար խնձորի այգու դիմաց ստացել է 1 միլիոն 200 հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 60 դրամ հաշվարկով։ Գյուղացին, որ դրանից հետո այլևս այգեգործությամբ զբաղվելու հնարավորություն չի ունեցել, համոզված է, որ այգիների գնահատումը կեղծիքներով է իրականացվել․ - «Ես ունեցել եմ երկու հեկտար այգի, գրվել ա խոտհարք այգու տեղը: Որպեսզի ծառը գին չունենա, գրել են խաղողի այգի․․․ այսինքն պատվերով արված կոմեդիա էր, թատրոն էր»:

Այսօր նույն գյուղերի որոշ բնակիչներ իրենց պատկանող այգիները պետությանն են հանձնել Ալավերդի - Բագրատաշեն ավտոճանապարհի կառուցման համար։ Մեկ խնձորի ծառը գնահատվել է 100-150 հազար դրամ՝ մի քանի անգամ թանկ: Գյուղացիներն արդեն ստացել են գումարներն ու որևէ դժգոհություն չունեն։

Նախկինում իրենց սեփականությունից զրկված շնողցիները, մինչդեռ, համեմատում ու նշում են, որ ժամանակին որևէ անկախ կազմակերպություն չեն գտել, որն իրենց ունեցվածքի իրական գնահատականը կտար՝ ընդդեմ հանքարդյունաբերող խոշոր ընկերության։

Փաստաբան Կարեն Թումանյանը նաև դիմել է դատախազություն՝ պահանջելով ստուգել հողերի և այգիների 10 տարի առաջ տեղի ունեցած գնահատման գործընթացի օրինականությունը։ Իրավապահները մերժել են քրեական գործ հարուցել՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Մինչդեռ փաստաբանն ասում է, որ բողոքարկելու է իրավապահների որոշումը։ Համոզված է, որ այստեղ ժամանակին անօրինականություն է տեղի ունեցել և հնարավոր է, որ որոշում կայացնողները նեղ անձնական շահեր են հետապնդել։

Արդեն մեկ տարի Թեղուտի հանքավայրը չի գործում։ Նախկինում խոստացված հազարավոր աշխատատեղերն այդպես էլ չբացվեցին։ «Վալլեքս» ընկերության ստեղծած մինչև 1400 աշխատատեղերը գործեցին ընդամենը 3 տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG