Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» իշխանական խմբակացության պատգամավոր Լենա Նազարյանի համար անհասկանալի է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնի Մարուքյանի այն հայտարարությունը, թե կառավարության ծրագրի քննարկումները ցույց տվեցին, որ այսօրվա իշխանությունը անհանդուրժող է ընդդիմության նկատմամբ:
Հակադարձելով Մարուքյանին՝ Լենա Նազարյանը շեշտեց, որ բոլոր պատգամավորները հնարավորություն են ունեցել հնչեցնել իրենց հարցերը և պատասխաններ ստանալ․ - «Դժվար է պաշտպանվել և ինչ-որ բան ասել, երբ պարզապես ասում են անհանդուրժող ես: Բայց ինչպե՞ս է դա դրսևորվում․․․ Բոլոր ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հնչեցնելու և հանգամանալից պատասխան ստանալու: Ինչպե՞ս դրսևորվեց այդ անհանդուրժողականությունը կամ մուննաթը, որի մասին այդքան խոսում են: Ինձ համար անհասկանալի է իսկապես»:
Մինչդեռ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ահազանգեց՝ կառավարության ծրագրից քննարկումից հետո իրենք ատելության խոսքի հարձակման են ենթարկվում: Մարուքյանը շեշտեց, որ չէին սպասում, թե ընդդիմադիր խոսքը իշխանության կողմից կարող է վերծավել թրոլինգի, ծաղրի, որոշ դեպքերում անգամ՝ սպառնալիքների:
«Բնականաբար, իշխանության ներկայացուցիչները պետք ա ասեն չի եղել: Հո չե՞ն ընդունելու իրենց սխալները: Սպառնալիք․․․ նկատի ունեմ և՛ ֆեյսբուքյան տարբեր գրառումները, և՛ որոշ խոսքեր, որ մեզ են ուղղվել: Կարծում եմ, իրենք գիտեն, թե որն էր սպառնալիք, որը չէ: Մեզ ասել, թե ինչ ասենք, ինչ չասենք․․․ էդ կոնտեքստում կարող եմ ասել: Եվ մյուս հանգամանքը, որ եթե կարծում են, որ շատ սիրալիր, շատ հանդուրժող էին իրանք, տենց շատ լավ էին․․․ այսինքն Նոր Հայաստանը նրանով ա լավը, որ կարողանում ենք հարցե՞ր տանք: Նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տա, հենց ուզեցել ա հարց տա, եկել են ծեծել են․․․ Սիրելի գործընկերներ, մի տասը տարի, տասնհինգ տարի ստեղ լուսաբանում եք: Էղե՞լ ա դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարց տա: Եթե դա պրոգրես ա ստեղ արձանագրվում, ես ապշած եմ: Դա մեկ: Երկրորդը, որ վերջում էկան ասեցին ընդդիմությունը կարողացավ ազատորեն դեմ քվեարկի: Ի՞նչ պետք ա անեին: Թևերներս կապելու էին, գցեին մի տեղ, որ չկարողանա՞նք քվեարկել: Եթե դրանք ա պրոգրես արձանագրվելու, ես ցավում եմ»:
Մարուքյանը նաև նշեց, թե կառավարության ծրագրին դեմ քվեարկելուց հետո հարձակման են ենթարակվել նաև իշխանական մամուլի կողմից՝ իրենց կապելով նախկին ռեժիմի հետ:
«Սա է Նոր Հայաստանը», - հարցեց Էդմոն Մարուքյանը: - «Հայկական ժամանակ» թերթը խմբագրական ա հրապարակել: Ամբողջ վերլուծությունն էն մասին ա, որ մենք որ դեմ ենք քվեարկել, ումենք մենք ռոբերտքոչարյանա-սերժսարգսյանա չգիտեմ ինչ բաների մեջ ենք: Գիտենք չէ՞ ումն ա էդ թերթը: Երկրորդ փաստը․ «Ժողովուրդ» թերթը գիտենք չէ՞ ումն ա: Կարա՞մ ասեմ իշխանական թերթ ա: «ժողովուրդ» թերթը տպել ա, ասում ա՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները գնում են Արմեն Սարգսյանի մոտ, հանդիպումներ ունենում և․․․ արդեն Արմեն Սարգսյանն ա հովանավորում: Միշիկից պրծանք, Սաշիկից պրծանք, Սերժիկից պրծանք, հիմի էլ Արմեն Սարգսյանն էկավ: Այսինքն, եթե «Հայկական ժամանակ» նման բան ա գրում, հետո ֆեյսբուքյան օգտատերերից ի՞նչ նեղանամ, որ մեզ քրֆում են: Է՞ս ա Նոր Հայաստանը․․․ Մենք ամեն ինչ անելու ենք, ու թող ոչ մեկ չներվայնանա, որ մենք հեղափոխության արժեքներին տեր ենք կանգնում կամ ասում ենք էս արժեքը խախտվում ա: Ընդդիմության դերը ո՞րն ա, ընդդիմությունը բա ի՞նչ պետք ա անի: Սանկա՞ քշեն, ի՞նչ անենք»:
Մարուքյանը խորհուրդ տվեց իշխանությանը ձերբազատվել այդ մարտավարությունից, երբ իրենց կապում են ատելի կերպարների հետո, որպեսզի հանրությանն իրենց դեմ տրամադրեն՝ հիշեցնելով, որ այդ երևույթի միջով ժամանակին նաև միասին են անցել․ - «Մինչև դաշինքը («Ելք») ստեղծելն ենք առանձին-առանձին բոլորս ծախված էղել, հետո դաշինքով ենք իրար հետ ծախված տականքների խումբ էղել, հետո նորից մենք ծախված տականքների խումբ ենք, իրանք չէ․․․ Էդ պրոցեսները մենք տեսել ենք: Հիմա նորից հետո գալ էդ բաներին․․․ Ես հույս ունեի, որ ավարտվել ա, բայց ոնց որ չի ավարտվել, ոնց որ չի ավարտվում: Եվ մենք էլ տենց բան չենք, որ մեզ հարվածեն, մնա անպատասխան: Չի լինելու այդպիսի բան»: