Այսօր հոբելյանական հանձնաժողովի նախագահն ու անդամները Թումանյանի տուն-թանգարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին նախատեսված իրադարձությունները, որոնք տեղի կունենան թե՛ մայրաքաղաքում, թե՛ բանաստեղծի ծննդավայր Դսեղում և թե՛ Թբիլիսիում, որտեղ ողջ կյանքն ապրել և ստեղծագործել է բանաստեղծը և որտեղ հայկական եկեղեցու բակում հանգչում է նրա աճյունը:
Հոբելյանական հանձնաժողովի նախագահ, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով, վաղը մայրաքաղաքում հոբելյանական միջոցառումները նախատեսված են հիմնականում Թումանյանի տուն-թանգարանում․ - «Վաղը Դսեղում լինելու են մեծ միջոցառումներ և համերգ, և երկրի ղեկավարությունը նույնպես այնտեղ ներկա է լինելու: Այնուհետև լինելու են միջոցառումներ Թիֆլիսում, և ես ներկայացնելու եմ Հայաստանի պատվիրակությունը Թիֆլիսում այդ միջոցառումների ժամանակ: Թումանյանի 150-ամյակը մենք պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով՝ ներգրավելով մեր հասարակության բոլոր շերտերին, որովհետև Թումանյանը գրել է, ստեղծագործել է, արարել է, ապրել է և ապրում է բոլորի համար: Այդ առումով պետությունը մեծ կարևորություն է տալիս հոբելյանական այս տարուն»:
Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը նշեց․ - «Վաղը առավոտյան 11:00-ին թանգարանի մատույցներում կհնչեն շեփորի ձայները, և շեփորահարները կազդարարեն մուտքը Թումանյանի 150-ամյակ: Եվ ամբողջ օրվա ընթացքում, մինչև 17:00 թանգարանի և՛ ներսում, և՛ դրսում կլինի ուղղակի մի հրաշք տոնական տրամադրություն: Թանգարանի ներսը կլինի հեքիաթային աշխարհ, հեքիաթային դղյակ, իսկ դրսում կլինեն համերգային ծրագրեր տարբեր տեսակի: Պիտի մեր հանրությանը հրավիրենք վաղը ամբողջ օրվա ընթացքում ակտիվ լինելու Թումանյանի թանգարանում»:
Թումանյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն, ներկայումս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանի հավաստիացմամբ, թանգարանը ողջ տարվա ընթացքում շատ ուշագրավ հոբելյանական ծրագրեր է նախապատրաստել․ - «Մեկնարկը տալիս ենք վաղը, բայց ամեն ամիս մենք ունենք հանդիսության տեսքով և օլիմպիադաների տեսքով և ավելի գիտական առումով․․․ Ուզում եմ ասել, հանգիստ չի ունենալու, ինչպես Թումանյանի «Գետակը» բանաստեղծության մեջ, հանգիստ չենք ունենալու մինչև տարեվերջ»:
Իսկ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հավաստիացմամբ, նախարարությունը փորձել է մեծ բանաստեղծի թե՛ մարդկային, թե՛ պոետական կերպարին հարիր հոբելյանական ծրագրեր նախապատրաստել․ - «Այսօր մենք մեծ հպարտությամբ ու սիրով և հատուկ ակնածանքով ենք ազդարարում հայոց մշակույթի մեծաց մեծի, մեծագույնի, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանական միջոցառումների մեկնարկը: Կուզենայի հատուկ շեշտել, որ Հովհաննես Թումանյանի նման պայծառ, պարզ, վճիտ և խորը կերպարի հովանու ներքո էլ մենք փորձել ենք Մշակույթի նախարարությունով կազմակերպել այդ միջոցառումների շարքը: Եվ փորձելու ենք ամեն կերպ էնպես անել, որ այդ կերպարը թևածի բոլոր միջոցառումների վրա»:
Հանդիպման ավարտին հանձանաժողովի անդամներից փորձեցի տեղեկանալ, թե որն է ամենակարևորը իրենց համար Թումանյանից՚
Նարինե Թուխիկյան․ - «Ազատ մտածելու, ազատ գործելու ոչ թե հրահանգը, պատգամը, ուղերձը»:
Արայիկ Հարությունյան․ - «Այս պահին հրապարակախոսությունը: Որովհետև այն, ինչ որ հիմա ընթերցում եմ կամ վերընթերցում եմ, կարծես թե հենց մեր ժամանակների համար է գրված, և լուծումներն էլ էնտեղ տրված են»: