Մատչելիության հղումներ

Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու է շեղվել հեղափոխության իր բանաձևից


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գրքի քննարկման ժամանակ, Երևան, 16-ը փետրվարի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գրքի քննարկման ժամանակ, Երևան, 16-ը փետրվարի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցեց իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը:

Գրքում նկարագրված է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո Փաշինյանի ընդհատակում եղած ժամանակահատվածը: Վարչապետի խոսքով՝ այդ ժամանակ լույս տեսած հոդվածաշարը օգնել է իրեն պահել կապը հասարակության հետ:

Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու Նիկոլ Փաշինյանին:

Մեկնաբանելով գրքի այն հատվածը, որում ասված է, որ իրական հեղափոխականը երբեք իշխանություն չի դառնում, վարչապետն ասաց․ - «Երբ որ եկավ 2018 թվականի ապրիլը, և արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և երբ որ կար էդ կարգախոսը՝ «Նիկոլ, վարչապետ», բնականաբար, էս տեքստը անընդհատ ինձ հետ էր, անընդհատ իմ մտքում էր: Ինչի մասին էի ես մտածում՝ ես մտածում էի հեղափոխության էն բանաձևի մասին, որ գրվել է, և ես ինչ պետք է անեմ էդ իրավիճակում: Ես, անկեղծ ասած, իհարկե մտածել եմ, որ էդ իրավիճակում, երբ որ արդեն, այսպես ասած, առաջին փուլը ավարտված է, ես պետք է վերցնեմ իմ ուսապարկը և գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի միսիան ավարտված է: Բայց երբ որ ինձ հասկանալի է եղել, որ իսկ ինչ տեղի կունենա հետո՝ հետո Հայաստանի վարչապետ կդառնա, ասենք, օրինակ, Կարեն Կարապետյանը, կամ, չգիտեմ, ուրիշ ինչ-որ մեկը, և ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել և ապացուցել, որ էդ հեղափոխությունը իրականում ներիշխանական ինտրիգ չէր, ես մտածեցի, որ ժողովուրդը ուղղակի կզգա իրեն, կներեք էդ բառի համար՝ օգտագործված ինչ-որ ուրիշ նպատակների համար: Ու մինչև հիմա էլ էդ ուսապարկը իմ ուսերին է՝ էդ տուն գնալու ուսապարկը, և միակ պատճառը, որ էդ սցենարը չի գործել, հետևյալն է՝ ես հասկացա, որ մարդկանց մոտ կլինի շատ ավելի մեծ հիասթափություն և նույնիսկ զայրույթ: <․․․> Այսինքն՝ իրենց համար ի հայտ կգա «առավել լավ ծյունինգ արած ծախված» մի հատ ընդդիմադիր գործչի կերպար, որն ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր և էդ ներիշխանական ինտրիգներին ծառայեց՝ թողեց գնաց իրենց տուն: Եվ էս է էդ հարցի պատասխանը, և իհարկե ես դրա մասին շատ երկար եմ մտածել, և քանի չեմ համոզվել էդ պատասխանի 100 տոկոսով ճշմարիտ լինելու մեջ, ինքս ինձ համաձայնություն չեմ տվել, որ ես պետք է լինեմ վարչապետի թեկնածու»:

Հանդիպման ավարտին Փաշինյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, նշելով, որ առաջիկայում մեծ ասուլիս է նախատեսում, որի ընթացքում կպատասխանի բոլոր հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG