Մատչելիության հղումներ

Թուրքիան չի պատրաստվում չեղարկել С-400-ների գործարքը


Ռուսական արտադրության C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգ, արխիվ
Ռուսական արտադրության C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգ, արխիվ

Անկարան չի պատրաստվում չեղարկել ռուսական արտադրության С-400 (S-400) տիպի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման՝ 2017 թվականին Մոսկվայի հետ կնքած գործարքից, որը Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել: Սոչիից վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ գործարքը չեղարկելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Մենք Ռուսաստանի հետ С-400-ի շուրջ կնքել ենք գործարք, այնպես որ՝ խոսք անգամ չի կարող լինել դրա չեղարկման մասին», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ օդանավում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահը:

ԱՄՆ-ը ավելի վաղ կոչ էր արել Թուրքիային հրաժարվել այդ գործարքից և փոխարենը ամերիկյան արտադրության հակաօդային համակարգեր` Patriot-ներ գնել: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ Անկարային մինչև փետրվարի 15-ը վերջնաժամկետ էին տվել:

«Մենք հասկացրել ենք, որ ձեռքներս ծալած չենք նստելու, երբ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցները զենք են ձեռք բերում մեր հակառակորդներից», - Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

Ռուս-թուրքական գործարքը, որի արժեքը կազմում է մոտ 2,5 միլիարդ դոլար, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում: Մի շարք երկրներ պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցնում Հյուսիսատլանտյան դաշինքին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG