Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին հատուցում տրամադրելու օրինագիծը մտավ շրջանառության մեջ


Հայաստան - Ընդդիմության երթը Երևանում՝ նվիրված մարտիմեկյան իրադարձությունների հինգերորդ տարելիցին, 1-ը մարտի, 2013թ․
Հայաստան - Ընդդիմության երթը Երևանում՝ նվիրված մարտիմեկյան իրադարձությունների հինգերորդ տարելիցին, 1-ը մարտի, 2013թ․

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է», - ասված է հաղորդագրությունում:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Միաժամանակ, Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծ։ Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախագիծն արդեն իր և Նազարյանի կողմից ստորագրված և հանձնված է Ազգային ժողովի նախագահին։

«Նախագիծը արդեն իմ և Լենա Նազարյանի կողմից ստորագրված է և հանձնված է Ազգային ժողովի նախագահին։ Ազգային ժողովի նախագահը այն կուղարկի կառավարություն, հետագայում կառավարությունը կտա իր եզրակացությունը օրենքի նախագծի հետ կապված, դրանից հետո օրենքը կգա Ազգային ժողով կրկին, և համապատասխան հանձնաժողովը այն կքննարկի, որից հետո օրենքը կմտնի Ազգային ժողովի լիագումար նիստ։ Ես ենթադրում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս տարվա մարտին այդ նախագիծը արդեն լինի Ազգային ժողովում՝ դա շատ կարևոր է ինձ համար անձամբ և Լենա Նազարյանի», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Խոսելով նախագծի անհրաժեշտության մասին՝ նա նշեց. - «Նախագիծը անհրաժեշտ է, որ մենք ֆիքսենք, նախ և առաջ, այդ իրադարձությունները, և այդ իրադարձությունների պատճառով տուժածները զգան, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է, որ Հայաստանի Հանրապետությունը ֆիքսել է և ընդունել է այն իրադարձությունները, որոնք որ տեղի են ունեցել, և պարտավոր է իր համաքաղաքացիներին, այսպես ասած, տեր կանգնել»։

Նախատեսվում է, որ հատուցման չափը, կարգն ու պայմանները կսահմանվեն կառավարության որոշմամբ։ «Ակնհայտ է, որ որևիցե չափ չի կարող լինել ընտանիքի անդամին, երեխային ինչ-որ հատուցում տրամադրելու առումով, և այդ թիվը երբևիցե ճիշտ չի կարող լինել, որովհետև մարդը և առավել ևս հայ մարդը անգին է, և էդ հատուցումը՝ մենք աշխատում ենք «փոխհատուցում» բառի փոխարեն օգտագործել «հատուցում» բառը, հատուցման չափը կորոշի Հայաստանի Հանրապետության կառավարությունը», - ասաց Ալեն Սիմոնյանը:

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հիշում է, թե ինչպես պետությունը փոխհատուցեց բախումների հետևանքով տուժած խանութների, մեքենաների սեփականատերերին՝ անտեսելով զոհերի ընտանիքներին․ - «Ում ավտոներն են վառվել, ում խանութներն էր ջարդվել, և այլն, և այլն՝ Հանրապետական կուսակցությունը բոլորին փոխհատուցում տվեց, անգամ փոխհատուցում տվեց զոհված Համլետ Թադևոսյանի ընտանիքին, իսկ զոհերի հարազատներին և տուժողներին՝ ոչ մի լումա։ Մոտ 11 տարի է՝ սպասում էինք, որ մեզ էլ ինչ-որ փոխհատուցում կտան, և եկավ էդ օրը։ Մենք հավատում ենք, սպասում ենք, որ շուտով կստանանք էդ փոխհատուցումը»։

Նա նշում է՝ երկու թոռները առանց հայր են մեծացել, փոխհատուցման կարիքն իսկապես ունեն։ «Տասը մարդ է զոհվել՝ վերաբերմունք է պետք, չէ՞, դրա համար։ Ճիշտ է՝ մենք դրա կարիքը ունենք, որովհետև իմ թոռնիկները առանց հայր են մեծացել էս 11 տարի, երկուսն էլ՝ տղա։ Ես՝ 70 տարեկան մարդ, ինչքա՞ն իմ թոշակովս կարող եմ իմ թոռնիկներին մեծացնել, դրա կարիքը մենք զգում ենք, իհարկե, փողի կարիքն զգում ենք։ Բայց ամենակարևորը՝ որ արդեն էս նոր իշխանությունը արդեն բացահայտում է «Մարտի 1»-ը, դա ավելի է մեղմացնում մեր վիշտը։ Ինչքան ոչ թե փողը, այլ ինչքան որ մարտի 1-ի սպանությունները արդեն Հատուկ քննչական ծառայությունը դրել է շրջանառության մեջ՝ կամաց-կամաց բացահատում են», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սարգիս Քլոյանը:

Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների մասնակից, «Չերյոմուխա-7»-ի կիրառումից կրկնակի վիրավորում ստացած Խաչիկ Դավթյանը 11 տարի շարունակ պետությունից որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել, թեև ունի ոտքի լուրջ վնասվածք։ Ասում է՝ այս նախագծի շնորհիվ կկարողանա բուժումը շարունակել։ «Շատ մեզ օգնած կլինեն՝ թե՛ ինձ, թե՛ մյուս տուժողներին, թե՛ զոհվածների ընտանիքներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG