Մատչելիության հղումներ

Հրանտ Թադևոսյան․ «Նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»


Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյան, արխիվ
Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյան, արխիվ

«Կտավը պետք է ծնվի ինքնին: Ձեռքը պետք է աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին: Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել», - գրում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը:

Իր վեց տասնյակից ավելի տարիների ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչը տասնյակ ու տասնյակ ցուցահանդեսների է մասնակցել և ահա օրերս է վերադարձել Ռուսաստանից, որտեղ մայրաքաղաքում ոչ միայն Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսն էր բացվել, այլև նրան շնորհվել է Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչումը: Դե իսկ նրա 70 գեղանկարները ներկայացնող անհատական ցուցահանդեսն էլ լայն արձագանք է արվեստասեր հանրության կողմից ստացել՝ միայն առաջին երկու օրում 6 հազար այցելու ունենալով:

«Արժևորում էին ոչ թե քաղաքական իմաստով, այլ զուտ արվեստի մարդիկ էին եկողները», - «Ազատությանը» ասաց նկարիչը:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում Հրանտ Թադևոսյանը ցավով շեշտում էր, որ այսօր արվեստաբանությունն ասես քիչ է ուշադրություն դարձնում ժամանակակից կերպարվեստի, գեղանկարչության զարգացմանն ու ընթացքին: Վերհիշում էր նաև, թե ինչպես էին աշխատում այն ժամանակ շատ արվեստաբաններ․ - «Ժամանակին էսպիսի բան կար՝ Փարիզում գրում էին Մատիսի մասին կամ Մոնեի մասին, Ռուսաստանում վերցնում թարգմանում էին՝ Մատիսի փոխրեն Կուզնեցով էին գրում, էն մյուսի փոխարեն՝ Իվանով, մերոնք էլ էնտեղից էին թարգմանում՝ բառիս բուն իմաստով: Արվեստագիտությունը էդպիսին է եղել»:

Գեղանկարիչն ափսոսանքով շեշտում էր նաև, որ անցյալ տարի ապրիլի վերջին իր ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսն ասես աննկատ անցավ՝ հայտնի իրադարձությունների պատճառով, բայց կարևորը, ասում էր, այն հսկայական փոփոխություններն էին, որոնք տեղի ունեցան այդ իրադարձությունների արդյունքում:

«Էս զարթոնքը կրկնակի զարթոնք են ապրում, իսկապես եմ ասում: Եվ հաստատ նոր սերունդը՝ մի քանիսը կան, որոնք շշմելու լավ աշխատանքներ են անում, հպարտանալու էդ զգացումն ես ապրում, երբ որ նայում ես աշխատանքներին, որովհետև իսկապես շատ համարձակ վրձնահարվածներ, համարձակ դրսևորումներ՝ նաև կոմպոզիցիայի առումով», - ընդգծեց Հրանտ Թադևոսյանը:

Խորհրդային տարիներին կաշկանդումների մասին հարցին նկարիչն արձագանքեց․ - «Կաշկանդումները, բնական է՝ սա կարելի էր նկարել, սա՝ չէ, մուրճ ու մանգաղը անպայման պետք է նկարես, որպեսզի ինչ-որ ընթացք ունենաս, առաջընթաց․․․ »:

Հրանտ Թադևոսյանը համոզված է՝ Հայաստանում երիտասարդները հնարավորություն ունեն լավ մասնագիտական կրթություն ստանալու․ - «Լիարժեք, լիարժեք կարող են ստանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG