Մատչելիության հղումներ

Կողբավանի նոր ուրախությունը. երեխաները դպրոց՝ հարևան գյուղ են գնում նոր մեքենայով


Արմավիրի մարզի Կողբավան գյուղի երեխաները իրենց գյուղում դպրոց չլինելու պատճառով հաճախում են հարևան Վանանդի դպրոցը։ Միայն վերջերս է ամեն օր 8-11 երեխայի դպրոց տեղափոխող անսարք ու կիսաքանդ մեքենային փոխարինելու եկել նոր մարդատար մեքենա։

Վարորդը՝ Հովհաննեսը պապը, վստահ է՝ բարեխիղճ շահագործելու դեպքում մեքենան կարող է տասնյակ տարիներ ծառայել գյուղին։

Գյուղի երեխաների համար մի սարքին մեքենա ձեռք բերելու ճանապարհը կողբավանցիների համար երկար էր ու դժվարին։ Եվ ինչպես Հովհաննեսը պապն է ասում, մինչև մի օր չկանգնեց ու չասաց՝ չի քշում ու վերջ, սայլը տեղից չշարժվեց։ «Ես երդվեցի, որ էն իմ հին ավտոյով էրեխա չտանեմ, որովհետև վերջն էր էլի արդեն, էդ մեքենան էլ էրեխա տանելու մեքենա չէր», - «Ազատությանը» պատմեց նա:

Մեքենայի խնդիրը լուծելուց հետո գյուղացիների մոտ հույս է առաջացել, որ գյուղը վերջապես ջուր էլ կունենա։ Ոչ ոռոգման ջուր ունեն, ոչ խմելու, ոչ էլ կենցաղային օգտագործման։ Երեք երեխաների մայր 32-ամյա Աստղիկը տան բոլոր հոգսերը հոգում է՝ ջուրը ամեն անգամ բերելով հարևան գյուղերից։

Երիտասարդ ընտանիքի հայրն անասնապահ է աշխատում։ Ստացած աշխատավարձով կարողանում են հոգալ ընտանիքի նվազագույն կարիքները։ Սեփական տուն չունեն, բայց չեն էլ կարողանում թեկուզ գյուղում, որտեղից գրեթե բոլորը դուրս են գալիս, տուն գնել։ Երբ մեկուկես տարի առաջ Կողբավան էինք այցելել, Աստղիկը սեփական տան մասին էր երազում։ Այսօր էլ ոչինչ չի փոխվել։

«Երազանքս՝ երևի մի հատ տուն, մի հատ փոքր անկյուն, որ մենք թափառական չլինենք, միայն դա ա: Մնացածը արդեն մանրուք ա՝ ընթացքում, գործի հետ, կաշխատենք, կպահենք, կհագցնենք, կուտենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց երիտասարդ կինը:

Կողբավանում պաշտոնական տվյալներով 110 բնակիչ կա։ Այսօր փաստացի 10 տուն է մնացել։ Անգամ գյուղապետ Սերոբ Սերոբյանի ընտանիքը գյուղում չէ։

«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Կողբավանին նվիրված թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG