Մատչելիության հղումներ

«Վալլեքս»-ը պատրաստակամություն է հայտնել վերագործարկել Ալավերդու պղնձաձուլարանը


Քիչ առաջ ավարտվել է Ալավերդու պղնձաձուլարանի գործարանի աշխատակիցների հինգ հոգանոց խմբի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը Երևանում։

Արդեն չորս ամիս պարապուրդի մատնված գործարանի աշխատակիցները «Ազատությանը» փոխանցեցին՝ կառավարության ներկայացուցիչը տեղեկացրել է իրենց, որ Ալավերդու գործարանը շահագործող «Վալլեքս» ընկերությունը կառավարության ներկայացրած գրավոր առաջարկում պատրաստակամություն է հայտնել վերագործարկել պղնձաձուլարանը, պահել բոլոր 500 աշխատատեղերը։ Ընկերությունը նաև նշել է, որ վերագործակման հարցում ամենաշատը շահագրգռված է հենց «Վալլեքսը»։

Փոխվարչապետ Ավինյանը հանդիպմանը մասնակցած աշխատակիցներին տեղեկացրել է, որ ՎՏԲ բանկը քննարկում է «Վալլեքսի առաջարկը»։ Վերջնական պատասխան կտա առաջիկա օրերին։

Ուշագրավ է, որ այսօր ավելի վաղ Լոռու մարզպետը գործարանի աշխատակիցներին հայտնել էր, որ ՎՏԲ բանկը նոր օպերատոր է փնտրում, որը կհամաձայնի շահագործել Ալավերդու գործարանը։ Գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում «Վալլեքս» ընկերության խոշոր պարտքի դիմաց։ Ավելի քան 500 աշխատակիցները վճարվում են աշխատավարձի երկու երրորդի չափով։ Եթե գործարանն անցնի ՎՏԲ բանկին, ինչն ամիսներ առաջ տեղի ունեցավ Թեղուտի հանքավայրի հետ, ապա մարտի 1-ից շուրջ 500 աշխատակիցներ գործազուրկ կդառնան։

Պղնձաձուլարանի վերագործարկումը պահող աշխատակիցները այս պահին շարունակում են փակ պահել գործարանի մոտակայքով անցնող միջպետական երկաթուղին։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի փոխանցմամբ՝ աշխատակիցները խոտացել են բացել այն, երբ երևանյան հանդիպման մասնակիցները կհասնեն Ալավերդի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG