Մատչելիության հղումներ

Պետք է փորձենք կանխատեսելի դարձնել գազի հետագա սակագների գնագոյացումը. Նախարար


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիային» է ուղարկել իր հարցադրումները՝ ընկերության ներկայացրած հաշվարկների մեծ փաթեթի վերաբերյալ և սպասում է պատասխանի, անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցությունների փուլին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը:

«Երկրորդ էտապով կներկայացնենք պարոն փոխվարչապետի մոտ քննարկման, հենց որ կլինեն որոշակի արդյունքներ, արդեն կհանրայնացնենք։ Մինչև որևիցե արդյունքի ամրագրումը միանշանակ համոզված եղեք կլինեն հանրայնացում քննարկումներ, նոր էդ բոլոր արդյունքները կֆիքսվեն», - ասաց Բաղրամյանը։

Բանակցություններ ասվածը, ըստ էության, այն մոդելային հաշվարկներն են, որոնք հնարավորություն են տալու «Գազպրոմ Արմենիային» իր տնտեսումների հաշվին չբարձրացնել գազի գինը սպառողների համար:

«Բոլորը համոզված կլինեն, որ որևիցե ավելորդ ծախս և որևիցե ավելորդ ներդրումներ չեն իրականացվում ընկերությունում։ Այսինքն էն, ինչ որ վճարում է սպառողը, անմիջական գնում է էդ եղած մեր համակարգի ընթացիկ վիճակը պահպանելուն, ավելի լավացնելուն: Դրանում պետք է համոզված լինենք, որ էդ ինքնարժեքը, որը ձևավորվում է գազի գնի համար արդարացված է, և բոլոր սպառողները, որոնք վճարում են, էդ գնին արդարացված գին են վճարում», - ընդգծեց Բաղրամյանը։

Հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար՝ նախկին 150 փոխարեն: Չնայած այս փոփոխությանը, Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ 2019 թվականին գազի գինը սպառողի համար կմնա նույնը:

Նախարարի խոսքով, հաշվարկները միտված են նրան, որ «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների և օպտիմալացման արդյունքում սպառողի համար թանակացում չլինի ոչ միայն 2019-ին, այլևս ավելի երկարաժամկետ կտրվածով։

«Կա էդ պայմանավորվածությունը, որ 19 թվականին սպառողների սակագնին դա չի անդրադառնալու», - նշեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։

«Ազատության» հարցին՝ իսկ 19-ից հետոյի վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն չկա՞, Բաղրամյանը պատասխանեց. - «Հետոյի վերաբերյալ էնքան անորոշ դեռևս թվեր կան, որ մինչև դրանք որոշակիություն չլինի նաև էդ մոդելային հաշվարկների արդյունքում մենք պետք է փորձենք, որ որոշակի կանխատեսելի դարձնենք հետագա սակագների գնագոյացումը»։

Հարցին էլ, թե կարող ենք ասել, որ 19-ի չբարձրացումը ավելի շուտ քաղաքական որոշում է, պատասխանեց. - «Մեր գազի գնագոյացումը սահմանային միշտ էլ որոշակի քաղաքական կոմպոնենտ իր մեջ պարունակում է, որովհետև եթե հաշվի առնենք էն բանաձևը, որը կար և էն արդյունքները, որոնք արձանագրվեցին բանակցությունների արդյունքում, դրանք արդեն քաղաքական որոշակի կոմպոնենտ պարունակում են»։

«Գազպրոմ Արմենիայում» ստեղծված իրավիճակը դժգոհության առիթ հանդիսանալ-չհանդիսանալու մասին ասաց. - «Գազպրոմ Արմենիան էլ ամբողջ ըմբռնումով մոտենում է և բոլոր հաշվարկները պատրաստակամ ներկայացնում է: Նույնիսկ բոլոր էն հնարավոր օպտիմալացման և հնարավոր խնայողությունների աղբյուրները ինքը նույնպես շատ բաց, թափանցիկ քննարկում է այդ հաշվարկների ընթացքում»։

Բանակցությունների ավարտի վերջնաժամկետ նախարարը դժվարանում է նշել: Մինչ այդ հորդորում է ճիշտ համեմատություններ անցկացնել և ավելորդ սպասելիքներ չառաջացնել: Օրինակ, տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ գազի գինը սահմանին կրկնակի էժան է սպառողին վաճառվող գազից: Սահմանից մինչև բնակիչ հասնող հատվածում տնտեսումներ անելու հարցին ի պատասխան Բաղրամյանը շեշտադրում է՝ սահմանի գինը առանց ավելացված արժեքի հարկի է:

«Երբ որ օպտիմալացումից կարող ենք խոսել, պետք է խոսենք ընկերությանը մնացող մարժայում օպտիմալացնելուց։ Նախ պետք է հասկանալ ընկերության մարժան ինչքան է, այսինքն, երբ որ գազը մտավ Հայաստան, ընկերությանը, հանած հարկերը, բոլոր էդ բաները, կորուստն էլ ներառյալ մոտ 60 դոլար է։ Խոսքը կարող է գնալ այդ 60 դոլարը էժանացնելու, կրճատելու, խնայելու մասին միայն», - ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է վարչապետի առաջիկա այցին Իրան, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշում է, որ օրակարգում կլինեն նաև էներգետիկ հարցեր: Այս պահին Իրանի հետ գազի առևտուր չկա, որովհետև չունեն կոմերցիոն ավելի գրավիչ առաջարկ Իրանի կողմից, բայց եթե լինի, միանշանակ կդիտարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG