Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
ԱԺ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Միրզոյանը գոհունակությամբ փաստել է, որ Ֆրանսիան աշխարհում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչած առաջին երկիրն է: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարևորել է վերջերս ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանձնառության վերահաստատումը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի գործուն ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Արարատ Միրզոյանը կարևորել է նաև հայ-ֆրանսիական առևտրատնտեսական ու մշակութային կապերի խորացումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից արժևորվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:
Դեսպանը, անդրադառնալով երկու երկրների պատգամավորների փոխգործակցությանը, նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում կան ծագումով հայ մեծ թվով պատգամավորներ, ովքեր ակտիվ համագործակցում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ բացի հայկական ծագում ունեցող պատգամավորներից, ֆրանսիացի խորհրդարանականները ևս իրենց համարում են Հայաստանի բարեկամներ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին: Դեսպանը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացման հարցն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է՝ նաև ընդգծելով, որ փաստաթղթի ընդունումը չի ուշանա: