Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն «պատմական» է որակել Մերձավոր Արևելքի հարցերով Վարշավայում անցկացված խորհրդաժողովը, քանի որ, նրա խոսքով, այն մեկտեղել էր իսրայելցիներին և արաբներին՝ Իրանից բխող սպառնալիքները քննարկելու համար: Այդ մասին Փոմփեոն հայտարարել է Լեհաստանում «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայությանը տված հարցազրույցում․
Հարց․ - Սկսենք նրանից, ինչ հենց այստեղ, հենց հիմա տեղի ունեցավ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լայն և միջազգային կոալիցիա ձևավորելու Միացյալ Նահանգների վարչակազմի ջանքը, ինչպես արտահայտվեց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ելույթում: Այժմ իմ հարցն է՝ որքանո՞վ է դա, Ձեր կարծիքով, իրականանալի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Եվրամիության երկրները կարծես կառչած են մնում [Իրանի հետ] գործարքին, երբ բանը հասնում է Գործողությունների միացյալ համընդգրկուն պլանին (JCPOA): Գիտեք, որ վերջերս նրանք մի գործիք ստեղծեցին Իրանի հետ առևտուրը դյուրացնելու համար:
Մայք Փոմփեո․ - Հավաքը միտված էր ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանը՝ դա քննարկելու համար էին 60-ից ավելի երկրներ հավաքվել, աշխատելու Եմենում, Սիրիայում առկա խնդիրների լուծումների վրա, քննարկելու պաղեստինցիների և Իսրայելի միջև հակամարտությանն առնչվող անվտանգային սպառնալիքները՝ այդ թեմաներից յուրաքանչյուրը, ահա թե ինչի համար էինք մենք հավաքվել: Խոսքն այն մասին է, որ երբ խոսում եք «Հըզբոլա»-ի մասին՝ պետք է խոսեք Իրանի մասին, երբ խոսում եք Եմենում հութիների գործած չարիքների մասին՝ պետք է խոսեք Իրանի մասին: Իրանը, անշուշտ, քննարկված թեմաներից մեկն էր: Բայց պետք է ասեմ Ձեզ, որ կոալիցիան ամուր է: Որևէ մեկը, որևէ երկիր չհերքեց, որ Իրանից բխող այս սպառնալիքն իրական է՝ լինեն արաբական երկրներ թե Ասիայի կամ Հարավային Ամերիկայի, բուն Մերձավոր Արևելքի՝ բոլորը հասկանում էին վտանգը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնում է իրենց քաղաքացիների համար: Եվ, այդպիսով, մենք աշխատեցինք դրա վրա: Հստակ տարբերություն կա՝ ինչպես մոտենալ խնդրին: Եվրոպացիները հավատարիմ են մնում JCPOA-ին, իսկ մենք շատ տարբերվող որոշում ենք կայացրել: Մենք կարծում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը ուղղվող փողը ի վերջո հայտնվելու է Քասեմ Սոլեյմանիի [Իրանի Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի հրամանատարի] ձեռքում ու օգտագործվելու է չարիք գործելու և ինչը առավել կարևոր է՝ օգտագործվելու է Իրանի ժողովրդի համար իրական զրկանքներ ստեղծելու համար: Եվ ուրեմն, մենք վճռական ենք՝ ապահովելու, որպեսզի լսվի իրանցի ժողովրդի ձայնը: Մենք այսօր այստեղ հավաքեցինք մարդկանց, մենք մեր գործն արեցինք, և համոզված եմ, որ մենք այսօր այստեղից դուրս եկանք հավաքականորեն ավելի ունակ՝ դիմագրավելու ամբողջ Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող բոլոր սպառնալիքները:
Հարց․ - Բայց, անդրադառնալով կրկին Իրանին, ի՞նչ է արվելու Ձեր մատնանշած սպառնալիքների հետ: Շատերի կողմից այս խորհրդաժողովը դիտարկվում է որպես Իրանում ռեժիմի փոփոխության ճանապարհ հարթելու՝ Վաշինգտոնի շարունակական ջանքի մի մասը: Ի՞նչ եք մտածում այդ մասին:
Փոմփեո․ - Պետք է ասեմ՝ սա պատմական էր: Իսրայելցիները և արաբները միասին նստած զրուցում էին Իրանի ներկայացրած վտանգի մասին: Սա Վաշինգտոնի առաջնորդած ջանք չէր: Մենք, իհարկե, հստակեցրել ենք Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ մեր մտահոգությունները և էական ռեսուրսներ նվիրաբերել այդ սպառնալիքները նվազեցնելու ուղղությամբ: Մենք դա կշարունակենք, քանի որ մենք, վերջին հաշվով, ցանկանում ենք, որ Իրանի ժողովրդի ձայնը լսելի լինի: Մենք ցանկանում ենք ռեժիմի վարքագծի փոփոխություն, մենք ցանկանում ենք, որ նրանք գործեն նորմալ երկրի պես: Ավելի վաղ՝ մայիսին [2018 թվականի] ես շարադրել եմ 12 կարևորագույն քայլերը, որ Իսլամական Հանրապետությունը պետք է անի՝ ազգերի համայնքին վերստին միանալու համար: Ամեն օր մենք վարում ենք համակարգված քաղաքականություն, որը, հուսով ենք, կհասնի դրան, և երբ մենք դա անենք, ամբողջ Մերձավոր Արևելքը, և, անշուշտ, աշխարհը, ավելի ապահով վայր կլինի:
Հարց․ - Այդ պայմանների, նախապայմանների և վարքագծի մասին, որ բազմիցս հիշատակվել են Ձեր և [ԱՄՆ] վարչակազմի այլ գործիչների կողմից: Բանն այն է, որ վարքագիծը, որ Դուք ունեք Ձեր մտքում, այնքան ինտեգրված է Իսլամական Հանրապետության ինքնությանը, որ դրանք փոփոխելը ըստ էության կլինի ռեժիմի փոփոխության պես մի բան: Նկատի ունեմ՝ եթե Իրանը հրաժարվի Մերձավոր Արևելքում, աշխարհում, Իրանի ժողովրդի նկատմամբ իր վարքագծի յուրաքանչյուր կաղապարից, Իսլամական Հանրապետությունից ոչինչ չի մնա:
Փոմփեո․ - Վերջին հաշվով, «ինչպես»-ը՝ թե ինչպես այդ վարքագիծը կփոխվի, դրանով զբաղվելու է Իրանի ժողովուրդը: Նրանք լսելի են դարձնելու իրենց ձայնը, հաստատելու են իրենց իշխանությունը: Նրանք խելացի ժողովուրդ են, ընդունակ ժողովուրդ են՝ խորը և հարուստ պատմությամբ, նրանք լիովին ունակ են գլուխ հանել իրենց պետության գործերից: Եվ այդպիսով, վարքագծի այդ փոփոխությունները, որոնց մենք հետամուտ ենք լինում, նպատակ ունեն անվտանգություն ստեղծել ամբողջ Մերձավոր Արևելքում և բարելավել իրանցի ժողովրդի կյանքը, և մենք անում ենք ամենը, ինչ կարող ենք՝ սատարելու այդ իրանական ձայներին իրենց երկրի ներսում, որպեսզի նրանք գտնեն այն կյանքը, որին ձգտում են և որը վտանգ ու սպառնալիք չի ներկայացնի մարդկանց համար ամբողջ Մերձավոր Արևելքում և մնացյալ աշխարհում:
Հարց․ - Դուք տեղյակ եք, որ չորեքշաբթի օրը [փետրվարի 13-ին] Իրանում սարսափելի հարձակում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով 27 մարդ զոհվեց: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է․ - «Զուգադիպությո՞ւն է արդյոք, որ Իրանը ահաբեկչության թիրախ է դառնում նույն օրը, երբ մեկնարկում է «Վարշավայի կրկեսը»: Ձեր արձագա՞նքը:
Փոմփեո․ - Ամերիկացիները դրան որևէ առնչություն չունեն: Կասեմ հետևյալը՝ գիտեք, շատ երկրներ՝ այդ թվում եվրոպական երկրներ, հանդիպում են այդ մարդու՝ Զարիֆի հետ, նա այժմ ուղևորվում է Մյունխեն, որտեղ շատ եվրոպական երկրներ հանդիպելու են նրան: Կխնդրեի այդ երկրներին, որ երբ հանդիպեն պարոն Զարիֆին, հարցնեն, թե ինչո՞ւ է նման վրդովեցուցիչ բաներ ասում: Երբեմն նա իբրև զուսպ է ներկայանում: Զուսպ չէ՛ իսրայելցիներին և ամերիկացիներին սպանության մեջ մեղադրելը, զուսպ չէ՛: Կարծում եմ, դա նշան է այն բանի, որ պարոն Զարիֆը և [Իրանի նախագահ] պարոն Ռոհանին հեղափոխականներ են նույն կերպ, ինչպես և Իրանում մյուս առաջնորդները: