Կառավարության հնգամյա ծրագիրը երեք օր խորհրդարանում բուռն կերպով քննարկելուց հետո, պատգամավորները երեկ 88 կողմ, 40 դեմ ձայներով հավանության արժանացրեցին այն: Միաձայն կողմ քվեարկեցին «Իմ քայլը» դաշինքի բոլոր 88 պատգամավորները: Միաձայն դեմ քվեարկեցին ընդդիմադիրները՝ «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները։
«Քննարկման արդյունքներով կարող եմ արձանագրել, որ Հայաստանի հանրության, քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, մեր կոնցեպտը: Իհարկե Կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը․ բայց ուզում եմ տարանջատել Կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից», - նշեց Փաշինյանը:
Վարչապետն այնուհետև առանձնացրեց մի շարք հանձնարարականներ, որոնք իջեցվեցին պետական գերատեսչություններին․ - «Առաջինը, վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով»:
«Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը»,- շարունակեց Փաշինյանը: - «Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը: Մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից: Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեով, ընկերություններով: Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, ովքեր ամսական հարյուր հազար դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից: Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել: Միկորբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել»:
Վարչապետը ևս մոտ մեկ տասնյակ հանձնարականներ տվեց՝ սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և այլն:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն իրատեսական համարեց, որ Փաշինյանի կառավարությունը կկարողանա կյանքի կոչել տնտեսական հեղափոխության ծրագիրը․ - «Տնտեսական առումով սա խոսք էր, որ ուղղված էր բոլորին՝ իշխանության ներկայացուցիչներին, կամ կառավարությանը, չինովնիկներինգործարարներին, քաղաքացիներիս, ընդհանրապես էն մարդկանց, ովքեր որ հետաքրքրված են Հայաստանով․․․ Որ Հայաստանի իշխանությունները սկսում են իրականացնել այնպիսի մի քաղաքականություն, որտեղ տնտեսական հաջողությունները պայմանավորված են և՛ կառավարության, կամ իշխանության գործունեությամբ, և՛ մեր քաղաքացիների և բիզնեսի մասնակցությամբ»:
Ըստ Խաչատրյանի, Հայաստանում փաստորեն գործելու են ազատ շուկայական հարաբերություններ․ - «Սա, ես գտնում եմ, որ մի նոր հասարակական պայմանագիր է, որը առաջարկեց կառավարությունը․ մի կողմից՝ իշխանություն, մյուս կողմից՝ հասարակություն: Որովհետև այն չգրված, որևէ տեղ չարձանագրված պայմանագիրը, որ գործում էր նախկինում, որի ամենակարևոր արդյունքը կոռուպցիան էր, այդ պայմանագիրը ապրիլյան դեպքերից հետո չեղյալ էր համարվել»: