Մատչելիության հղումներ

Խոշորացմանը զուգահեռ պետք է անցում կատարենք նաև համամասնական ընտրակարգի. Սուրեն Պապիկյան


Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն, այսօր, ներկայացնելով նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին, ընդգծեց՝ առաջիկա տարիներին բավականին անելիք ունեն Շիրակի մարզում:

«Մարզը մեր երկրի կարևոր հանգույցներից մեկն է, ես վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մեր համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում այն դառնալու է նաև կարևոր տնտեսական կենտրոններից մեկը։ Այդ պոտենցիալը Շիրակի մարզը ունի թե՛ մարդկային հնարավորություններով և թե՛ իր աշխարհագրական դիրքով», - ասաց Պապիկյանը։

Առաջիկայում նախատեսվում է կրճատել մարզպետարանների աշխատակազմի գրեթե 30 տոկոսը: Թե որ մարզպետարանում, որ հաստիքները կկրճատվեն, այս պահին խորհրդատվական ընկերությունները ուսունասիրում եմ: Նախարարն ընդգծեց՝ յուրաքանչյուր մարզպետարանում կրճատումները տարբեր մոտեցումներով կիրականացվեն:

«Արդեն առանձնացրել ենք օղակներ, թե որ մարզում, որ օղակն է ավելի ուռճացված, այսինքն կարող է ստացվել այնպես, որ Գեղարքունիքի մարզում կրճատվի իրավաբանական վարչությունը, ասենք, Շիրակի մարզում ՏԻՄ վարչությունը․․․ օրինակներ եմ բերում ուղղակի։ Այսինքն այս փուլում ես կոնկրետ չեմ կարող ասել, թե Շիրակի մարզում որ վարչության կամ բաժիններին սրանք կվերաբերեն», - նշեց Սուրեն Պապիկյանը։

Շիրակի մարզպետն ուներ երեք տեղակալ: Այս պահին մեկ տեղակալ կա: Նախարարն ասաց, որ հաստիքների կրճատման արդյունքում անցում են կատարելու փոխմարզպետների մեկ հաստիքի:

«Մենք բոլոր տեղերում արդեն իսկ անցում ենք կատարել մեկական փոխմարզպետների, երկու մարզում է դեռևս երկու փոխմարզպետ։ Այնուամենայնիվ, կփորձենք հասկանալ՝ բարդություն առաջացնո՞ւմ է աշխատել մեկ փոխմարզպետով, թե՞ ոչ։ Կարծում եմ, չի առաջացնում», - ընդգծեց Պապիկյանը։

Մարզպետների լիազորությունների հարցը ևս ընդգրկված է նոր կառավարության ծրագրում: Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի «ՏԻՄ մասին» օրենքը, որտեղ անդրադարձ կա նաև մարզպետների լիազորություններին: Գործադիրը համայնքների խոշորացմանը զուգահեռ նախատեսում է համայնքներում համամասնական ընտրական համակարգի ներդրում, որ հատկապես գյուղական համայնքներում խնամի-բարեկամ կլանային համակարգը չգործի:

«Նախկինում ի՞նչ է եղել․ փոքր համայնքի գյուղապետը վախենում է հարկը ուզի, վախենում է հարկը հավաքի, որ հետո ընտրության խնդիր լուծի։ Այսինքն, եթե մի փոքր պահանջեց, վաղը իրան չեն ընտրի, մյուսին կընտրեն, իսկ ազգակցական կապերը և կլանային մտածողությունը գիտենք, որ մեզանում դեռևս կա ու մեր գյուղերում խոր արմատներ ունի։ Սա նաև ճանապարհ է դրանից ձերբազատվելու, նաև համամասնական ընտրակարգ դնելու։ Մենք խոշորացմանը զուգահեռ պետք է անցում կատարենք նաև համամասնական ընտրակարգին», - ասաց նախարարը։

Մարզերի համաչափ զարգացումը կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Արդյո՞ք ներդրողները հետաքրքրված են մարզերում ներդրումներ անել:

«Ճանապարհին ես խոսում էի իմ տեղակալի հետ, որպեսզի մարզպետների հետ կապ հաստատի: Մեզ հարկավոր է 50 հեկտար հողատարածք ուկրաինացի ներդրողի մասին է խոսքը, խոսքը թռչնաբուծարանի մասին է։ Մեծ ընկերություն է ուկրաինական, որ եվրոպական երկրներին թռչնամիս է մատակարարում, ցանկանում է մեր տարածաշրջան մուտք գործել, մասնավորապես, Հայաստանում իր առաջին քայլը անելու հայտ է ներկայացրել», - նշեց Պապիկյանը։

Զբոսաշրջությունը Շիրակի մարզի համար տնտեսական զարգացման ճյուղերից մեկն է համարվում: Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր սոցիալական ցանցում գրառում էր արել, որ այցելել է հայ-թուրքական սահման՝ ցանկանալով տեսնել հայոց հինավուրց մայարաքաղաքաներից Անին, սակայն սահմանապահ ուղեկալից այն կողմ չի կարողացել անցնել: Բլոգերը հավելել էր, որ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով Հայաստանը տուրիստական լավ տարածք է կորցնում: Նախարար Սուրեն Պապիկյանից հետարքրվեցինք, թե արդյոք տեղյակ է խնդրին, որ Հայաստանը իր լավագույն տուրիստական երթուղուց չի կարողանում օգտվել:

«Ես համաձայն եմ, որ զբոսաշրջության մեջ դա կարող է կարևոր դերակատարում ունենալ, կարևոր ուղի դառնալ, և այս հարցում մեր գործընկեր գերատեսչության հետ, մասնավորապես, ազգային անվտանգության խնդիր է և իհարկե, նաև սահմանապահների հետ քննարկման ու բանակցության խնդիր է։ Խնդիրը ես կբարձրացնեմ, այլ պատասխան ես հիմա տալ չեմ կարող, բայց շահագրգիռ եմ, որ խնդիրը լուծվի», - ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG