Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հորդորում է Նիկոլ Փաշինյանին «մուննաթ» չգալ և «հեգնանքով» չարձագանքել իրենց հարցադրումներին


Խորհրդարանական ընդդիմությունը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին «մուննաթ» չգալ և հեգնանքով չարձագանքել իրենց հարցադրումներին՝ գգուշացնելով, այն կառավարությունը, որը չի լսում ընդդիմությանը ձայնը, դատապարտված է ձախողման:

Անի Սամսոնյան
Անի Սամսոնյան

Մասնավորապես, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը շեշտեց՝ ընդդիմությունը մեղավոր չէ, որ Փաշինյանի կառավարությունը վատ ծրագիր է ներկայացրել՝ հիշեցնելով վարչապետին, որ նա այլևս ընդդիմադիր պատգամավոր չէ, այլ՝ իշխող ուժի ղեկավարը։

«Խնդրում են նաև Ձեզ մուննաթ չգալ ընդդիմության վրա, որովհետև Դուք, պարոն վարչապետ, նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չեք, իսկ այստեղ ընդդիմությունը նախկին կոռումպացված իշխանությունը չի Ձեզ համար», - ասաց Սամսոնյանը։

Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյան

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ՝ խոսքն ուղղելով Փաշինյանին շեշտեց՝ երբ ասում են երկրում վիճակը վատ է, պետք չէ հասկանալ, որ դրա մեղավորը ինքն է, ընդամենը հարցնում են, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ այդ վիճակը շտկելու համար:

Գևորգ Պետրոսյանը նաև հորդորեց Նիկոլ Փաշինյանին՝ հեգնանքով իրենց հարցերին չարձագանքել:

Անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, թե քաղաքացին պետք է տնտեսական հեղափոխություն անի, ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե ինչպե՞ս է վարչապետը դա պատկերացնում և, այդ դեպքում, կառավարությունը ի՞նչ պետք է անի: «Ասում եք՝ քաղաքացին թող հեղափոխություն անի, ոչ թե մենք։ Քաղաքացին արդեն, ինչպես Դուք էլ հավաստեցիք, իր հեղափոխությունն արել ա, էլ ի՞նչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի քաղաքացին, սոված մարդը ո՞նց անի տնտեսական հեղափոխություն։ Ասում եք՝ «մարդը նախևառաջ իրա գլխում պետք է հաղթահարի սովը և աղքատությունը», հիմա պայմանականորեն, խնդրում եմ, չանձնավորեք, համարենք ես եմ Ձեր տեղը, կամ Դուք եք ստեղ, եթե Ձեր քույրը, կամ եղբայրը գա և ասի՝ «ես աղքատ եմ», Դուք էդպիսի պատասխան կտա՞ք, կասե՞ք՝ «գնացեք գլխում հաղթահարեք աղքատությունը, հետո իրականում տեսնենք ի՞նչ կլինի», - հարցրեց Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց ՝ Փաշինյանն այս երկու օրերին խորհրդարանում ավելի շատ բան ասաց, քան գրված է կառավարության ծրագրում: Իսկ եթե վարչապետը մտածում է, որ ծրագիրը շատ լակոնիկ պետք է լինի, ապա Գևորգ Պետրոսյանը առաջարկեց մեկ նախադասությամբ եզրափակել կառավարության ծրագիրը։

«Է գրեիք՝ «դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք», ոչ մի ուրիշ բան չգրեիք, հարգելի պարոն Փաշինյան։ Ձախողվում են այն կառավարությունները, էն իշխանությունները, ում համար ընդդիմության ձայնը լսելի չէ։ Իշխանության կործանման ամենակարճ ճանապարհը դա է, և դատելով Ձեր երեկվա և այսօրվա պատասխաններից՝ ես մի քիչ սկսում եմ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, բայց մի քիչ թերահավատ լինել. մի բան գոնե հաշվի առնելո՞ւ եք ընդդիմության ասածից, թե՞՝ ոչ, որ մենք էլ մեզ զգանք իրացված այստեղ», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

​«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ իր ելույթում շեշտեց՝ կառավարության ծրագրից տպավորություն են ստանում, որ ամեն ինչ արվել է պատասխանատվությունից խուսափելու և ձախողումները ժողովրդի վրա գցելու համար: Ավելին՝ Գորգիսյանը համեմատություն անցկացրեց նախորդ իշխանության և Փաշինյանի կառավարության միջև՝ ասելով, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին մոտ փաստաթուղթ են ներկայացրել։

Գորգիսյանը հիշեցրեց՝ այդ ծրագիրը Փաշինյանն անվանել էր կենաց:

«Հնչեցված հարցերին, մտահոգություններին տալիս եք նույնքան խուսանավող, երբեմն նաև հեգնանքով, արհամարհանքով ու մուննաթով համեմված պատասխաններ, խոսում եք սուպերվարչապետական համակարգի վերացման մասին, հիմա ասում եք՝ «այո, պետք է վերացնել, բայց հետո»։ Ու սրան զուգահեռ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը՝ վարչապետին ենթակա մարմիններ, ՊԵԿ-ը կառավարության ենթակա մարմին էր դա մեզ քիչ էր, հիմա էլ Սփյուռքի նախարարությունը լուծարվում է, փոխարենը ստեղծվում է վարչապետին առընթեր», - ասաց Գորգիսյանը՝ շարունակելով. - «Կառավարության ելույթներից ու ծրագրից տպավորություն է ստեղծվում, թե ամեն ինչ արվել է պատասխանատվությունից խուսափելու համար, և հետագա ձախողումները ժողովրդի վրա գցելու համար։ Հանրապետականներն էլ էին այդպես անում, ասում էին՝ «առավելագույնն անում ենք, բայց էս ժողովուրդն է մեղավոր, որ լավ չի ապրում, գաղջ մթնոլորտ է ստեղծում», մեր հարցերին Ձեր տված պատասխաններից տպավորություն է, որ ինչպես ելույթների դեպքում ասեցիք, որ «մեկ-մեկ Սերժ Սարգսյանի համար գրած ելույթներ են բերում», էդ նույն մարդն է Ձեզ տեղեկացնում երկրում իրավիճակի մասին ու ամեն օր նույն բանն է ասում՝ «երկրում ամեն ինչ հոյակապ է, մարդիկ երջանիկ են, միայն էս կեղտոտ ընդդիմությունը կռռում է, որ մի վատ բան լինի երկրում: Անընդհատ նշում եք, որ ժողովրդի կողմից մեծ վստահություն եք ստացել, 70 տոկոսից ավել ձայն է հավաքվել․․․ Ուղղակի մի փոքր հիշեցում․ 91 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը 83 տոկոս ձայն էր հավաքել, հետո չհիշեցնեմ ժողովրդի հիասթափությունը, չհիշեցնեմ, որ խոստացված ժողովրդավարությունը այդպես էլ մենք չտեսանք: Խնդրում եմ, չկրկնեք նախորդների սխալներ, մեր երկիրը ու ժողովուրդը դրա միջով կրկին չի կարող անցնել: Ու մի խնդրանք էլ: Պարոն Փաշինյան, Դուք պետք է որ բոլորից լավ գիտակցեք, որ փոքրամասնության ձայնը անտեսելը ու արհամարհելը», - ասաց Գորգիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG