Մատչելիության հղումներ

Վարշավայում մեկնարկում է Մերձավոր Արևելքում տիրող կացությանը նվիրված միջազգային համաժողովը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Փոմփեոն իր լեհ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում: Վարշավա, 12-ը փետրվարի, 2019 conference with the Polish Foreign Minister in Warsaw, February 12, 2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Փոմփեոն իր լեհ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում: Վարշավա, 12-ը փետրվարի, 2019 conference with the Polish Foreign Minister in Warsaw, February 12, 2019

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր մեկնարկում է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային համաժողովը, որին ավելի քան վեց տասնյակ պետությունների ներկայացուցիչներ են մասնակցում`քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունը:

Նախապես ենթադրվում էր, որ Վարշավայի համաժողովը նվիրված է լինելու բացառապես Իրանի խնդրին: Պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում էր այս համաժողովի միջոցով միասնական հակաիրանական ճակատ ձևավորել` ի ցույց դնելով այս հարցում միջազգային հանրության լայն աջակցությունը ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը:

Բայց վերջին շաբաթներին պարզ դարձավ, որ Իրանի դեմ ճնշումների համակարգմանը նվիրված հատուկ համաժողովի անցկացման Վաշինգտոնի գաղափարը միջազգային հանրության շրջանում առանձնապես մեծ աջակցություն չի վայելում:

Դա է վկայում թեկուզ միայն Վարշավա ժամանող հյուրերի ոչ այնքան պատկառելի ցանկը: Համաժողովին պետության ղեկավարի մակարդակով է ներկայացված միայն Իրանի առանցքային հակառակորդներից մեկը համարվող Իսրայելը: Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղար Մայք Փոմփեոն: Եվրամիության ղեկավարները արդեն իսկ հայտարարել են, որ չեն մասնակցի համաժողովի աշխատանքներին: ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հրաժարվել է ժամանել Վարշավա: Լեհաստանի մայրաքաղաքում չեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները:

Փոխարենը գագաթնաժողովի բացմանը կմասնակցի Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջերեմի Հանթը: Իրանի հետ լուրջ խնդիրներ ունեցող արաբական պետությունները՝ նախևառաջ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ևս ներկայացված են արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Չնայած Իրանի դեմ կազմակերպվող այս համաժողովի ներկայացուցչական մակարդակի զգալի անկմանը՝ Վաշինգտոնում շարունակում են պնդել, որ այս հավաքը կարող է առանցքային նշանակություն ունենալ առաջիկա մերձավորարևելյան զարգացումներում:

«Մենք հավաքվելու և խոսելու ենք Մերձավոր Արևելքի զարգացման և բարգավաճման հեռանկարների մասին: Խոսելու ենք նաև Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ծրագրի մասին, անդրադառնալու ենք սպառնալիքներին, հակաահաբեկչական գործողություններին և տարբեր պետությունների կողմից այս ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքի հեռանկարներին: Վարշավա են ժամանել 60 պետությունների ներկայացուցիչներ, որոնցից 30-ը արտաքին գործերի նախարարներ են: Սա գլոբալ մի կոալիցիա է, որի հիմնական առաքելությունը Մերձավոր Արևելքում չափազանց երկար ժամանակ պահպանվող ռիսկերի նվազեցումն է», - Լեհաստանի մայրաքաղաք ժամանելու պես հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի անկեղծ էր: Վարշավա ուղևորվելուց առաջ նա չէր թաքցնում, որ այսօր մեկնարկող համաժողովի գլխավոր նպատակը Իրանի դեմ ուղղված միջազգային գործողությունների համադրումն է:

«Սա շատ կարևոր համաժողով է: Սա մի հավաք է, որը միավորում է Միացյալ Նահանգներին, Իսրայելին, բազմաթիվ այլ՝ այդ թվում արաբական պետություններին, Իրանի ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականությանը, Մերձավոր Արևելքը գրավելու, Իսրայելը ոչնչացնելու իրանցիների ցանկությանը դիմակայելու նպատակով», -նշել է Իսրայելի վարչապետը:

Իրանի իշխանությունները խստորեն դատապարտել են Վարշավայում նման համաժողովի կազմակերպումը: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր վարշավյան համաժողովը «հակաիրանական կրկես» է անվանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG