Մատչելիության հղումներ

Բացվել է երիտասարդ գեղանկարիչների ցուցահանդեսը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին


Armenia -- A Painting from the exhibition doveted to the 150th anniversary of Hovhannes Tumanyan. 13FEb., 2019
Armenia -- A Painting from the exhibition doveted to the 150th anniversary of Hovhannes Tumanyan. 13FEb., 2019

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական ամենատարբեր իրադարձությունները դեռ առջևում են․ դրանք ակնկալվում են ամբողջ տարվա ընթացքում, հոբելյանական հանձնաժողովը նախաձեռնել է բազմաթիվ ու բազմազան ծրագրեր:

Այսօր Նկարիչների միությունում բացվեց երիտասարդ գեղանկարիչների մի ուշագրավ ցուցահանդես՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 50 աշխատանք, որոնք հեղինակել են Գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի, ինչպես նաև մարզերի գեղարվեստական հաստատությունների ուսանողները:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Art Z» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր նախագահի՝ Օվսաննա Քարամյանի խոսքով, այս նախաձեռնությունը յուրօրինակ է իր տեսակի մեջ․ - «Հայտարարության մեջ գրեցինք՝ ի՞նչ կնվիրեիր Թումանյանին: Եվ շատ մեծ արձագանք ստացանք նաև մարզերից»:

Արվեստաբան Սաթենիկ Վարդանյանը շեշտեց, որ այն ամենը, ինչ կապված է Հովհաննես Թումանյանի անվան հետ, չափազանց մեծ պատասխանատվության զգացում է առաջ բերում․ - «Հենց այս երիտասարդ սերունդը, որը, ինչպես տեսնում ենք, կարող է ստեղծագործել, նկարել, արարել, ստեղծում է իր անունը, իր ճանապարհը»:

Ցուցահանդեսի մասնակիցներն ասում էին, որ մեծ ոգևորությամբ են մասնակցել այս ձեռնարկին և աշխատել են մեծ նվիրումով:

«Յուրաքանչյուրս ներկայացրել էինք հինգական նկար, սակայն անձամբ ինձնից ընտրվես երկուսը: Նախաձեռնության մասին իմացել եմ ֆեյսբուքյան էջից: Ինձ շատ դուր եկավ, այն էլ՝ Թումանյանին նվիրված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղարվեստի ակադեմիայի երրորդ կուրսի ուսանողուհի Մանու Հարությունյանը:

Երիտասարդ սերնդի հետ հեռանկարներ է կապում նաև Նկարիչների միության նորընտիր նախագահ Սուրեն Սաֆարյանը․ - «Շատ հետաքրքիր խորագիր, նոր սերունդ, նոր անուններ: Այո, իսկապես մեզ նոր անուններ հարկավոր են մեր հայ մշակույթում, և պետք է միշտ ուշադիր լինել ու սատար կանգնել երիտասարդ սերնդին, որպեսզի վաղվա օրը հաստատուն լինի, և իմանանք, որ մեր մշակութային դաշտը չի ունենալու բաց տեղեր»:

Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված այս առաջին երիտասարդական ցուցահանդեսի բացմանը հրաշալի համերգով հանդես եկան նաև Կոնսերվատորիայի ուսանողները՝ Լիլիթ Պիպոյանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG