«Այն, որ կառավարությունը հայտարարում է, որ սկսում են տնտեսական հեղափոխությունը, մեր տպավորությամբ, դա բլեֆ է, որովհետև Կառավարության գործունեության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ: Որովհետև 5 տոկոս տնտեսական աճով չես կարող ունենալ տնտեսական հեղափոխություն, իսկ Կառավարության գործունեության ծրագրով հիմնարար, սկզբունքային, համակարգային բարեփոխումներ նախատեսված չեն», - փաստարկեց Սաղաթելյանը:
Երեկ Ազգային ժողովում մեկնարկեց Կառավարության ծրագրի քննարկումը, ըստ որի առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն, ու այդ նպատակով գալիք հնգամյակում գործադիրը ծրագրում է տարեկան ապահովել առնվազն հինգ տոկոս տնտեսական աճ:
Ներկայացնելով ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:
Ըստ բարձրաստիճան դաշնակցականի, Կառավարության ծրագիրը բխում է նեոլիբերալ գաղափարախոսությունից և ունի կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականություն․ - «Հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական, շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Էկոնոմիկայի նախկին նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը հայատարարեց, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը բոլոր մակարդակներում խնդիր ունի օրենքի, սահմանադրականության և իրավունքի հետ․ - «Սահմանադրության 150-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, վարչապետը պարտավոր է հնգօրյա ժամկետում՝ իր նշանակումից անմիջապես հետո, ներկայացնել Կառավարության անդամների թեկնածուների առաջարկությունը Հանրապետության նախագահին: Որևէ օրենքի նորմ չի սահմանում բացառություն, որ դուք կարող եք մի մասին ներկայացնել: Հետևաբար սա փաստում է այն մասին, որ մենք այսօր ունենք ըստ էության թերի՝ սահմանադրական իմաստով, կառավարություն»:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Կառավարության ծրագրի խորը վերլուծության արդյունքում Դաշնակցությունում եզրակացրել են, որ այնտեղ առկա է հայ ժողովրդի կողմից մերժված «առանց Արցախի խնդրի լուծման չի լինելու տնտեսական առաջաընթաց» բանաձևը․ - «Եթե դուք ուշադիր նայեք, Կառավարության ծրագրի ուղենիշներում ամրագրված է մի միտք, որը ձևակերպված է հետևյալ մոտեցմամբ, որ Կառավարության գործունեության նպատակը մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելն է: Այնուհետև թվարկվում է, թե այդ տնտեսությունը կառուցելու համար որոնք են կարևոր, առաջնահերթ քայլերը: Ու ոչ ավել, ոչ պակաս, նշվում է, որ դրանում առաջնահերթ է համարվում արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը: Խորը վերլուծության արդյունքում մենք հանգում ենք հետևյալ տեսակետին, որ սա հայտնի և հասարակության կողմից, հայ ժողովրդի կողմից մերժված «առանց Արցախի խնդրի լուծման տնտեսական առաջընթաց չի լինելու» բանաձևի ներկայացումն է: Եթե դա այդպես չէ, եթե սխալ է ձևակերպված, այդ միտքը չի ունեցել մեր հարգարժան Կառավարությունը, ապա անպայման պետք է շտկումը տեղի ունենա: Դուք գիտեք նաև մեր մոտեցումը, որ «զարգանալ՝ չզիջելով» հայեցակարգի կրողն ենք մենք»:
Մինասյանին հիշեցրինք, որ Դաշնակցությունը իշխանության մաս է եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահությունների օրոք, և, ըստ Վիճակագրական կոմիտեի, այդ ընթացքում՝ 1998-2018թթ․ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է ավելի քան 265 հազարով: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ժամանակ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ մտահոգվելու պատճառ չկար:
«Եթե այդպիսի ասողներ կան, այդ մարդիկ կա՛մ կարճատես են, կա՛մ դրանք հակադաշնակցական դրսևորումներ են, որոնք բացարձակ չեն ուզում տեսնել, թե Դաշնակցությունը ինչ է անում: Պարզապես միայն պետք է քննադատեն, հարձակվեն»: