Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան ու Լեհաստանը կոչ են արել Ռուսաստանին չբորբոքել հակամարտությունը Արևելյան Ուկրաինայում և դադարեցնել ֆինանսական ու ռազմական աջակցության տրամադրումը անջատողականներին:
«Կրեմլի գործողությունները ոտնահարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը և սպառնում միջազգային անվտանգությանը», - հայտարարել են Եվրամիության երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
ՄԱԿ-ն էլ, իր հերթին, հայտարարել է, թե 2015-ին կնքված Մինսկյան համաձայնագրի դրույթները հիմնականում չեն կատարվում: «Եվրոպայի սրտում գտնվող այս հակամարտությունը քնած չէ և շարունակում է մարդկային կյանքեր խլել», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան:
2014-ից Ուկրաինայի արևելքում՝ Լուգանսկում և Դոնեցկում շարունակվող հակամարտության հետևանքով արդեն 3 հազարից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել, մեկուկես միլիոն մարդ էլ դարձել է փախստական: