Հայաստանում պատահական մարդ ներդրում չի արել, կամ եղել է ախպեր, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր, այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկամանն այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով՝ իրենք հրաժարվում են ներդրումների այս համակարգից։
Բագրատյանը մասնավորապես նշեց, որ չպետք է ասել՝ «պայմանը կա՝ աշխատեք»։ «Կառավարությունը պետք է պատվիրի ծրագրեր և միջազգային հարթակներում վաճառի այդ ծրագրերը, որովհետև առանց ներդրումների արդյունք չի ստեղծվի։ Կառավարությունը կարծես այստեղ ձեռքերը լվանում է՝ չներդնել, ստանալ արդյունք։ Առաջարկում ենք ագրեսիվ տնտեսական քաղաքականությամբ իրացնել հեղափոխությունը», - ասաց ԲՀԿ պատգամավորը։
Փաշինյանը հակադարձեց՝ ընդգծելով՝ այսօր դաշտ են ստեղծում, որպեսզի «ոչ թե ախպերները լինեն տնտեսության ակտորը», այլ՝ գաղափարները և մեխանիզմները։
«Մինչև հիմա ներդրում ասելով ի՞նչ է հասկացել Ազգային ժողովը։ Կներեք, բայց որպեսզի այդ թեման փակվի, այս համեմատությունը պետք է բերեմ՝ սովորաբար կառավարությունում և Ազգային ժողովում հավաքվել են լավ տղերքը և երբ որ ներդրում են ասել, ասել են՝ «Հիմա մենք ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք, և մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, և կան լավ ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի, ո՞նց ենք մենք ներդրում բերում։ Դե ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, մեր ախպոր ախպերներն՝ իրենց ախպերներին, և ախպերներով պետք է գանք ներդրում անենք, մի բան անենք, մի բան լինի»։ Եկեք նայեք մեր երկրի ներդրումների պատմությունը, ինչի պատահական մարդ մեր երկրում ներդրում ա արե՞լ՝ կամ եղել ա ախպեր, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր, դրա համար էսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր։ Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք, սա է հեղափոխությունը, մենք դաշտ ենք ստեղծում, որպեսզի ոչ թե ախպերները լինեն տնտեսության ակտորը, այլ լինեն գաղափարները, լինեն մեխանիզմները։ Մենք էսօր ներդրումներ ենք խրախուսում», - ասաց վարչապետը։