Մատչելիության հղումներ

Քաղաքային իշխանությունը խոստանում է, որ մինչև գալիք ամառը թափառող շներն այլևս չեն անհանգստացնի երևանցիներին


Երևանի ավագանու նիստում այսօր քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:

Մասնագիտացված մեքենաներով քաղաքաքի տարբեր հատվածներից կենտրոն տեղափոխված շները կպատվաստվեն, կբուժվեն, կստերջացվեն, կհամարակալվեն ու կհանձնվեն տարբեր ընտանիքների, կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

Երևանում հաշվառված է 15-20 հազար թափառող շուն, ուրջ երկու հազարը կստերջացվեն, հատկացված գումարն այս պահի դրութամբ 50 մլն դրամ է: Առաջին տարում անհրաժեշտ է 170 մլն դրամ:

2018-ի դեկտեմբերից մինչև այսօր քաղաքապետարանը թառառող շների խնդրով շուրջ 700 ահազանգ է ստացել․ - «Թափառող շների ոչնչացման երեք տարբերակ կա․ ոչնչացնել բոլոր պտղաբեր էգ շներին, որը անհնարին և մեզ համար անընդունելի քաղաքականություն է: Երկրորդը, ոչնչացնել սննդի բոլոր աղբյուրները, կանխել կերակրումը և վերացնել ամբողջ աղբը․ այս տարբերակը գործնականում իրատեսական չէ: Եվ երրորդ տարբերակը՝ որսալ, ամլացնել և վերադարձնել: Ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը, Կենդանաբույժների համաշխարհային ընկերակցության փորձը, հենվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների վրա՝ վերարտադրության բացառումը թվաքանակի հսկման միակ արդյունավետ միջոցն է: Այս տարբերակը ընդմիշտ լուծում է խնդիրը՝ չնայած որ անհրաժեշտ է հանդուրժել փողոցային շներին 4-6 տարի: Սա խնդրի մշտական և ամենակենդանասիրական լուծման տարբերակն է: Ծրագիրը պետք է իրականացնել համալիր: Եթե չիրականացվի ծրագրի որևիցե կետ, ապա այն դառնում է անարդյունավետ»:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, դիմելով քաղաքապետ Հակ Մարությանին ու Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանին, հարցրեց, թե ինչու է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ աշխատում Սամվել Ղումաշյանը, որի մասին «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ հեղափոխոթւյան օրերին հենց նրա հանձնարարությամբ են մի քանի հարյուր հոգանոց խումբը կոտրել ցուցարարների մեքենաները:

Այնուհետև Խաժակյանը մեջբերեց «Հայկական ժամանակից»․ - «Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի հանձնարարությամբ մոտ 150-180-հոգանոց խումբը հարձակվել է անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների մեքենաների վրա, ջարդել, փշրել մեքենաները, մի երիտասարդի դաժան ծեծի են ենթարկել: Հիմա այդ խմբով կանգնած են մայթերին․ որ մեքենան ձայնային ազդանշան է միացնում, քարերով հարվածում են, ջարդում են մեքենան»:

Քաղաքապետն իրավապահներին հորդորեց զբաղվել Խաժակյանի հայտարարությամբ: Դահիճից արձագանքեցին՝ նա արդեն հարցաքննվել է այդ գործով: Մարությանը կարճ արձագանքեց Խաժակյանի ելույթին:

Այնուհետև հարցին պատասխանեց նաև Ավան վարչական շրջանի ղեկավարն ու չթաքցրեց՝ չի պատրաստվում շարունակել իր տեղակալի հետ աշխատել․ - «Կոնկրետ Ավան վարչական շրջանի հետ կապված կասեմ, որ գոյություն ունի համակարգի ընդունման-հանձնման պրոցես, և այդ պրոցեսը ավարտվելուց հետո նոր պարզ կդառնա ով է մնում, ով՝ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG