Մատչելիության հղումներ

Զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին


ՀՀ ԶՈւ զինծառայողի սաղավարտ, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողի սաղավարտ, արխիվ

Ամանորի գիշերը Սյունիքի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին: «Երեք անչափահաս երեխայի հայրը չէր կարող նման քայլի գնալ», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Ալինա Սարգսյանը:

«Իրա կողքի տղաները՝ մեկը ուրիշ բան է ասում, մեկը ուրիշ բան է ասում։ Ես ոչ մի բան էլ չեմ հասկանում։ Ես միայն վստահ եմ, որ իմ երեխան իրեն տենց բան չէր կարող անել, նույնիսկ եթե դրդեին։ Խի իմ երեխան գիժ է՞, երեք երեխայի հայրը նման բան թույլ կտա՞ր իրեն։ Նստենք մի հատ ճիշտ խոսենք՝ ոնց կարելի է ինքնասպանությունը։ Էդ ո՞ր մի ինքնասպանն է իրեն դոշից կրակում, որ մի քանի ժամ էլ հլը տառապի, հենա կդներ բերանից կկրակեր տեղում կմնար։ Եթե մի բան ստում են՝ նենց ստեն, որ իրականությանը մի քիչ մոտիկ լինի», - ասաց Ալինա Սարգսյանը։

30-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի դարձավ միայն օրեր առաջ: Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտական դիրքի պահպանության տեղամասում հրազենից վիրավորվելուց հետո՝ հունվարի 1-ի առավոտյան, նրան տեղափոխել են Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Ինքնասպանություն հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին լռել էր, իսկ երբ հայտնի դարձավ, տարբեր մեկնաբանություններ հնչեցին դեպքը միտումնավոր թաքցնելու մասին:

Լուրը հանրությունից թաքցնելը վրդովեցրել է նաև Էդգար Գրիգորյանի ընտանիքին: Մայրն ասաց՝ 40 օր լրատվամիջոցներում տեղեկություն է փնտրել՝ հույս ունենալով այդպիսով նաև մանրամասներ իմանալ։

«Մենք իմացել ենք ժամը 12-ին՝ մահից չորս ժամ հետո, 8։10 իմ երեխան մահացել է։ Մահից չորս ժամ հետո նոր ես եմ իմացել՝ լրիվ կողմնակի մարդուց։ Տենց բան չի կարելի, եթե մի մուկ է սատկում, բոլոր ցանցերում տպագրվում է։ Ժամը 12-ին գնացել եմ հիվանդանեց, ասել են՝ քո երեխան չկա, բայց ինձ ոչ մեկը գորնե չեն զանգել ասեն՝ արի գոնե վերջին շնչում քո երեխան քո ձայնը լսի։ Հրամանատարը ամուսնուս ասել է՝ ձեր երեխան խոսում էր, գիտակցությունը տեղում էր, ժամը 6-ին տարել են հիվանդանոց, այն ինչ իմ երեխան, բժիշկները ասում են, որ լրիվ պուլսը զրո բերել են հասցրել են ստեղ։ Ես ուզում եմ իմանամ ինչի՞ է հրամանատարը ստում», - նշեց մայրը։

Աղմկահարույց դեպքին այսօր անդրադարձել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն՝ միայն տեղեկությունը չհրապարակելու մասով: Թեև նախկինում նման դեպքերի մասին հիմնականում հրապարակվել է, սակայն պաշտպանության ոլորտի պատասխանատուն ասում է՝ այս անգամ ուշադրություն չեն դարձրել, քանի որ այն ծառայության հետ կապված չի եղել:

«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել, և դա չի արել տարիներ շարունակ։ Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե այդ ինչի հետ է կապված եղել, որովհետև հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին», - ասաց Տոնոյանը՝ այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին:

Միակ որդու կորստից ծանր հոգեվիճակում գտնվող մայրը խոստանում է ուշքի գալուց հետո հետևողական լինել քննությանը, որ մեղավորներն անպատիժ չմնան: Առայժմ դժգոհությունը հրամանատարից է: Ըստ Ալինա Սարգսյանի՝ հրամանատարը ալկոհոլային խմիչք է ուղարկել դիրքեր և չի հետաքրքրվել զինվորների առօրյայով:

«Էսօր 41-րդ օրն է՝ մեր հրամանատարը նույնիսկ հարկ չհամարեց մի հատիկ ծաղիկ բերեր, ասեր՝ դնենք զինվորին։ Էդքան անխիղճ չի կարելի լինել։ Ես սպասում եմ հետաքննությանը, քանի որ գործը դեռ հետաքննվում է։ Ես ոչինչ ձեզ չեմ կարող տեղյակ պահել, ընդամենը ես բողոքում եմ՝ ինչի՞ չեն ինձ ասել, հրամանատարը ինչի՞ է ստում, ինչի՞ է ասել՝ ձեր երեխան նորմալ է եղել, քանի որ երեխաս պուլսը զրո հասցրել են հիվանդանոց, նա ի վիճակի էլ չի եղել խոսելու, ինչի՞ է ստում, ինչի՞ է գինի ուղարկել, շամպայն ուղարկել պոստ, ինչի՞ մի անգամ չի գնացել պոստ՝ տեսնի իր զինվորը ընդեղ սոված է, գողություն է անում, թե ինչ է անում։ Թե՞ իրենց աթոռներն են պաշտպանում։ Նման մարդիկ իրավունք չունեն զինվոր ղեկավարելու», - ասաց մահացած զինծառայողի մայրը։

Ալինա Սարգսյանի բողոքին Քննչական կոմիտեից արձագանքում են՝ հիշեցնելով, որ քննչական մարմնում էլ մահվան պատճառների վերաբերյալ բազմաթիվ վարկածներ են առաջ քաշել, սակայն մանրամասներ դեռ չեն կարող հայտնել: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատությանը» հայտնեց, որ հարուցված քրեական գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG