Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փոքր-ինչ զգուշավոր, բայց այնուամենյանիվ իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որը վաղն արդեն պետք է քննարկվի խորհրդարանում:
Համաձայն այդ ծրագրի, կառավարությունը նախատեսում է առնվազն 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, ըստ Թունյանի՝ նաև աղքատությունը կրճատել 10 տոկոսով, գործազրկությունը՝ 5 տոկոսով․ - «Իմ կարծիքով, իրատեսական ծրագիր է: Մի քիչ, կարելի է ասել զգուշավոր: Իմ անձնական տեսակետն եմ ասում՝ կարելի էր մի քիչ ավելի համարձակ բաների գնալ, բայց ունենք էն, ինչ ունենք: Օրինակ, ինձ համար էդ նույն տնտեսական աճի թիրախը կարող էր շատ ավելի բարձր լինել: Որովհետև եթե մենք ցանկանում ենք թռիչք, 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, թեկուզ եթե մենք ասում ենք առնվազն, ամբողջությամբ չի արտահայտում էն սպասումները, որ կան: Բայց մյուս կողմից, ավելի լավ է մենք թիրախը մի քիչ ցածր դնենք, բայց հետո ավելիին հասնենք»:
«Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդգծում է, որ էական է ոչ միայն տնտեսական աճի ցուցանիշը, այլ աճի որակը: Օրինակ, հնարավոր է ունենանք 10 տոկոս տնտեսական աճ, որը կձևավորվի բուքմեյքերական կամ հանքարդյունաբերական մեկ-երկու ընկերությունների հաշվին, ինչը քիչ ցանկալի է:
«Ազատություն»․ - Հաշվի առնելով, որ նախորդ կառավարությունների բոլոր ծրագրերը եղել են Ձեր ուշադրության կենտրոնում, համեմատական վերլուծություն վստահաբար անցկացրել եք, կարո՞ղ եք ասել, որ սա ամենաիրատեսական ծրագիրն է:
Թունյան․ - Եթե ես հիմա ծրագիրը գնահատեմ նույն կերպ, ինչպես որ գնահատում էի մեկ տարի առաջ կամ երկու տարի առաջ, ինչքան էլ ցանկանամ, դա ինձ մոտ օբյեկտիվորեն չի ստացվելու, որովհետև ես, անկախ ինձնից, արդեն կողմնակալ հայացքով եմ նայում դրան: Ինձ թվում է, ո՛չ շատ ոչ հեղափոխական է, ո՛չ էլ շատ հեղափոխական է: Իրատեսական ծրագիր է, էդ ամեն ինչը ամբողջությամբ հնարավոր է կատարել: Էնպիսի բարձր ու անհավանական շեմեր չեն դրվել, որ մենք դրանց չհասնենք:
«Ազատություն»․ - Ինչո՞վ է տարբերվում նախկինների ներկայացրած ծրագրերից:
Թունյան․ - Մեծ հաշվով ձևակերպումների առոմով մեծ բաներով չի տարբերվում:
«Ազատություն»․ - Եթե այդ ծրագիրը, որը ներկայացված է, իրականանա, կոնկրետ փոփոխությունների ե՞րբ կարող է զգալ հանրությունը:
Թունյան․ - Արդեն այս տարվա վերջին որոշակի փոփոխություններ զգալու առումով կլինեն:
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական աճի ոչ այնքան համարձակ թվեր ներկայացրել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն ընդգծում է․ եթե ծրագրին նայես զուտ տնտեսագետի հայացքով, ապա այն կարող է անգամ տարօրինակ թվալ, քանի որ տնտեսական աճի բավական ցածր ցուցանիշ է ամրագրվել, բայց առաջիկայում կայանալիք քննարկումների արդյունքում, Գևորգյանի համոզմամբ, պարզ կդառնա, թե որն է նման մարատավարության նպատակը:
Գլխավոր խնդիրը, ըստ Գևորգյանի, այն է, որ Հայաստանում փոխվել է տնտեսական կանխատեսումների բովանդակությունը․ - «Օրինակ, մենք առաջ կանխատեսում էինք, որ պղնձի համաշխարհային գները կբարձրանան 15 տոկոսով, ասենք՝ հաշվի առնելով Չինաստանում պղնձի նկատմամբ պահանջարկը և այլն և այլն, ու Հայաստանում դրա շնորհիվ կարձանագրվի, ասենք, 7 տոկոս տնտեսական աճ: Հիմա մենք էդ կանխատեսումներին ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում, քիչ ենք ուշադրություն դարձնում: Հիմքում դրված է նա, թե յուրաքանչյուր քաղաքացի իր համար ստեղծված պայմաններից որքանով կօգտվի: Կոռուպցիա չկա, քաղաքացին չպետք է հանդիպի կոռուպցիոն որևէ խոչընդոտի: Չկան մոնոպոլիաներ, չպետք է լինեն մոնոպոլիաներ, որևէ մեկը չպետք է ունենա հովանավորչություն ու չունի հիմա, կարող ենք դա արձանագրել: Ոչ մի որոշում կայացնող պաշտոնյա չպետք է ունենա բիզնես, որպեսզի չկարողանա իր բիզնեսը առաջ տանել: Եթե այդ պայմանները ստեղծվում են, ու մարդը իրեն բազմոցից չի պոկում՝ գնա աշխատելու ու ապահովելու իր բարեկեցությունը, մենք ստիպված պիտի լինենք նորից հույս դնել պղնձի միջազգային գների վրա, տրանսֆերտների ծավալների վրա և այլն և այլն:
«Ազատություն»․ - Հիմա հույսը քաղաքացու վրա ենք դնում:
Գևորգյան․ - Դժվար է ասել հույս․․․ Մի քիչ այդտեղ թասիբի գցելու խնդիր պիտի լինի: Մարդը, եթե ուզում է լավ ապրել, պիտի ավելի շատ աշխատի:
«Ազատություն»․ - Դուք ինչպե՞ս կբնորոշեիք կառավարության այս ծրագիրը:
Գևորգյան․ - Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության ներկայացրած ծրագիր:
«Ազատություն»․ - Դրա արդյունքները ժողովուրդը ե՞րբ կտեսնի:
Գևորգյան․ - Կարող եմ իմ անձնական կանխատեսումներն անել, որ արդեն տարվա վերջից մենք մարդկանց գրպաններում․․․ շատ չէ, բայց որոշակի փոփոխություն մենք կզգանք»: