Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ, մեկ անձ կալանավորվել է:
«Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում առերևույթ ապօրինի վարձատրության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել էր ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին և 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունվել վարույթ: Իրականացված քննությամբ պարզվել է, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը 2016 թվականից մինչև 2018 թվականը սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումար», - ասված է Քննչական կոմիետի հաղորդագությունում:
Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով` «կաշառք ստանալը», և 3-րդ մասի 1-ին կետով՝ «կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ 3 անձի՝ սուտ մատնության, և 3 անձի՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: