Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հարյուրավոր համայնքապետերի ու քաղաքապետերի հետ հանդիպմանը զգուշացրեց, որ պետական ծառայությունը ոչ միայն կառավարության անդամների, պատգամավորների, այլև համայնքի ղեկավարների կողմից չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն, իսկ համայնքում ամենահաջողակը չի կարող լինել համայնքապետի սեփական բինզեսը:
«Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային: Եվ ես ուզում եմ կրկին մենք արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել», - նշեց վարչապետը:
Նա մտահոգությամբ նշեց, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել․ - «Քաղաքներում ու գյուղերում հաճախ պատահում է, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած «օբյեկտները» ամենահաջողակներն են, դա ունի, բացի իմ նշած առաջին մասից, նաև երկրորդ պատճառ, որովհետև դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ «օբյեկտները» խուսափեն հարկային պարտավորություններից, խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից՝ գույքահարկից սկսած մինչև ՀԴՄ խփել-չխփելը»:
Ըստ Փաշինյանի, շատերը հույս ունեն, որ ահա ընտություններն էլ անցան, իշխանությունը կմոռանա կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ամեն ինչ կլինի ինչպես նախկինում էր: Սակայն վարչապետը հորդորեց այդպիսի հույսեր չփայփայել:
Ասաց, որ շատ է խոսվում, թե Հայաստանում փողը քիչ է, բայց նախ պետք է եղածն արդյունավետ օգտագործել․ - «Մենք շանս ենք տվել և շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, և ովքեր չեն օգտվի այդ շանսից՝ փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Հայաստանում գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր․․․»
Այնուամենայնիվ, Փաշինյանը նկատեց, որ ոչ բոլոր համայքապետերն են բարեկամներին աշխատանքի ընդունում կամ հովանավորում սեփական բինզնեսները, և չի կարելի ընդհանրացնել․ - «Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը, և ովքեր պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը հին իրականությունը նոր իրականությամբ փոխարինելու գործում: Բնականաբար, մենք մեր գործունեության ընթացքում ամեն ինչ անելու ենք նրանց աջակցելու, զորավիգ լինելու, աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար»:
Թե որ քաղաքապետերն ու գյուղապետերն են հովնավորում սեփական բիզնեսը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը անուններ նշել չցանկացավ, բայց ասում է՝ փաստ է, այդպիսի օրինակներ կան․ - «Այո, Հայաստանում կան համայնքապետեր, կան պաշտոնյաներ, ովքեր տիրապետել են ու շարունակում են տիրապետել, որովհետև իրենք ընտրված մարմինների ղեկավարներ են, տիրապետում են որոշակի ֆինանսական և տնտեսական միջոցների: Արձանագրվել են դեպքեր, երբ երկու-երեք մարդ նույն ընտանիքից աշխատում են նույն համայնքապետարանում: Արդյո՞ք համայնքում չկան այլ մասնագետներ կամ համագյուղացիներ, որոնք կարող են մասնակցել»:
Այսօր կառավարություն հրավիրված գյուղապետերը հիմնականում նշում էին, որ իրենց համայքներում կոռուպցիա չկա, և վարչապետը ուրիշներին նկատի ուներ։
Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանն ասաց, որ իրենց գյուղում հեղափոխությունից հետո շատ բան չի փոխվել, քանի որ մինչ այդ էլ օրենքներ չեն խախտել․ - «Շատ քիչ ա փոփոխություն տեղի ունեցել: Հավասարություն ա մեր մոտ»: