Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը որոշել է կասեցնել իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Այդ մասին Հովհաննիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հաջողություն մաղթելով իր կուսակցական գործընկերներին։
«2018 թվականի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից (16 տարիներից յոթը ակտիվ քաղաքական գործունեության շրջան էր) հետո մտածել գործունեության նոր ուղղությունների մասին։ Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաև այժմ: Դա է պատճառը, որ լսելի լինելու, երկրում կատարվող իրադարձություններին արձագանքելու համար ես ընտրում եմ գործունեության հետևյալ տեսակները՝ անցած շաբաթ ստացա փաստաբանական գործունեության արտոնագիրս և կմիանամ այն փաստաբանների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադրություններից՝ գիտակցելով, որ իսկական իրավական պետությունը կարող է կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի պաշտպանության և իրավունքի իրացման բոլոր հնարավորություններն ու երաշխիքները։ Անցած շաբաթ հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն։ Մեր նպատակն է լինելու վերահսկել երկում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները», - գրել է Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ շարունակելու է նաև իր ակտիվ դասախոսական և գիտամանկավարժական գործունեությունը։
«Ես շարունակելու եմ իմ ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, խորքային վերլուծության եմ ենթարկելու կայացվող որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում չեմ խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց», - գրել է Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Մեր երկրին ծառայելու համար բացի քաղաքականությունից և պետական ծառայությունից, կան այլ կարևոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն և պրոֆեսիոնալիզմ։ Հատկապես կարևոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո։ Ասվածը հատկապես կարևորվում է հասարակական կազմակերպություն հիմնելու որոշման համատեքստում, քանզի այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքացիական հասարակություն, որը կխոսի, ոչ թե երբ սպասարկում է ինչ-որ շահ, այլ երբ անհրաժեշտ է խոսել` ներկայացնելով հավասարակշռված ու համակողմանի կարծիք։ Այս ամենը հաշվի առնելով` ես որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում»:
Տե՛ս նաև այստեղ