«Մարտի 1»-ի գործի շրջանակներում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը մի շարք տեսանկյուններից կարևոր է եղել, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։
«Որևէ մեկը չի կարող բացառել, որ այն բոլոր գործընթացները, որոնք ընթացել են 2008 թվականի փետրվարի 19-ից հետո, Սերժ Սարգսյանը կարող էր անմասն մնալ այդ գործընթացներին։ Լինելով նաև Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ՝ նույն 2008 թվականին մի շարք գործառույթային կապերով նա կապված էր նաև Պաշտպանության նախարարության հետ, և եթե խոսում ենք 0038 հրամանից, ապա բացառվում է, որ Սերժ Սարգսյանն այդ հրամանի մասին տեղեկություն չունենար», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով. - «Նախագահները տեղեկացված էին իրենց իսկ կողմից ընդունված 0038 հրամանի մասին, որը փորձում են բացառապես վերագրել որպես Միքայել Հարությունյանի կողմից ընդունված հրաման։ Էլ չեմ ասում, որ էդ բոլոր խորհրդակցություններին, շտաբի աշխատանքներին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, և նրանք բոլորը միասին որոշել են մարտիմեկյան այն սցենարը, որը հետագայում իրականացրեցին և այնուհետև ռեպրեսիվ միջոցներով կարողացան հանրահավաքը ցրել և քաղաքական պրոցեսները դադարեցնել»։
Սաֆարյանը շեշտեց՝ 0038 հրամանը և նաև հետագայում արտակարգ դրության սահմանումը, պրոցեսների զարգացումը, բոլորն ընթացել են երկու նախագահների համատեղ ուժերի շնորհիվ։
«Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ մարտի 1-ին օրվա վերջին արտակարգ դրության սահմանումը ևս պետք է նաև գործառույթային կապերն ուսումնասիրենք, այդ ժամանակ հանրապետության նախագահի գործառույթների մեջ էր մտնում վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ խորհրդակցելն արտակարգ դրություն սահմանելու ռեժիմ, և կարծում եմ, որ նրանց համաձայնության պայմաններում է, որ սահմանվել է արտակարգ դրություն։ Ուստի և՛ 0038 հրամանը, և՛ նաև հետագայում արտակարգ դրության սահմանումը, նաև այդ պրոցեսների զարգացումը, դրանք բոլորը ընթացել են երկու նախագահների համատեղ ուժերի շնորհիվ», - ասաց Սաֆարյանը։
Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է:
2008-ի փետրվարին տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքներով, Հայաստանի նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Սակայն մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ նա դեռևս չէր ստաձնել պարտականությունները, զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը: Այդ օրերին երկրի թիվ մեկ պաշտոնյային՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, նա դեկտեմբերի սկզբից կալանքի տակ է:
«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է նաև Հայաստանի առաջին նախագահ, 2008-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունող Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․