Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի երբեմնի առաջատար անդամներից մեկի` իրավաբան Էկա Բեսելիայի անվան շուրջ ծագած աղմկալի սկանդալում հայաստանյան հետք է հայտնաբերվել: Այդ մասին փետրվարի 9-ին տեղեկացրեց Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` հավելելով, որ Բեսելիայի անձնական կյանքը պատկերող տեսանյութերի` համացանցում տարածման առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությանը մասնակցում են նաև հայ իրավապահները: Հենց նրանց աջակցության շնորհիվ է, ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության, հնարավոր եղել պարզել, որ Բեսելիային վարկաբեկող՝ թաքնված տեսախցիկով արված կադրերը Facebook սոցիալական ցանց էին ներբեռնվել հայաստանյան կալանավայրերից մեկից:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և Facebook-ի ղեկավարության հետ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել պարզել, որ կադրերը ներբեռնվել են «Բուբա Լոմտատիձե» անունով օգտատիրոջ կողմից: Նրա օգտահաշիվը, սակայն, ենթադրաբար պատկանում էր Վրաստանի մեկ այլ քաղաքացու, որն այժմ գտնվում է Հայաստանի կալանավայրերից մեկում` հարևան երկրում կատարված սպանության համար», - նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Վրացական ոստիկանությունը, սակայն, չի բացահայտում այդ մարդու ամբողջական անունը՝ հրապարակելով միայն անվան և ազգանվան առաջին տառերը` Դ. Ի. :
Վրաց իրավապահները նաև տեղեկացնում են, որ հայաստանցի գործընկերների հետ միասին կարողացել են հայտնաբերել գործի հետաքննության համար մեծ կարևորություն ներկայացնող իրեղեն ապացույցներից մեկը:
«Հայ և վրաց իրավապահների համագործակցության արդյունքում Վրաստանի քաղաքացու բանտախցի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Samsung մակնիշի բջջային հեռախոս», - հաղորդում է վրացական գերատեսչությունը` հատուկ ընդգծելով, որ համագործակցությունը հայկական կողմի հետ շարունակվում է:
Վրաստանի խորհրդարանի ամենաազդեցիկ պատգամավորներից մեկի՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Էկա Բեսելիայի շուրջ սկանդալը ծագեց հունվարի վերջին: Վրացական ոստիկանությունը ընդամենը մի քանի օրում կարողացավ հայտնաբերել այն անձանց, որոնք տարածում էին Բեսելիայի պատկերող ինտիմ բնույթի տեսանյութերը: Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ կադրերը համացանցում տարածելու համար այժմ 17 ձերբակալված կա: Գլխավոր անպատասխան հարցը, սակայն, մեկն է` ո՞վ է կանգնած Բեսելիայի շուրջ ծագած սկանդալի հետևում:
Անցած տարեվերջին Էկա Բեսելիան իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող իր կուսակիցների հետ սուր կոնֆլիկտի մեջ հայտնվեց` ընդդիմանալով մի շարք դատավորների նշանակմանը: Դրան ի պատասխան՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և նրա թիմակիցները կարողացան Բեսելիային հեռացնել պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Լուրեր էին շրջանառվում, որ Բիձինա Իվանիշվիլիի երբեմնի մերձավոր զինակիցը համարվող Բեսելիան կարող է հեռացվել կուսակցությունից: Չնայած այս ամենին՝ Էկա Բեսելիայի հետ հակամարտության մեջ գտնվող նրա կուսակիցները կտրականապես հերքում են, թե որևէ առնչություն ունեն պատգամավորի անձնական կյանքի դրվագները պատկերող տեսագրության տարածմանը: