Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Գյումրիի փողոցների բարեկարգման ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 30


Անցած տարի Վերակառուցման ու զարգացման եվրոպանական բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում մեկնարկած փողոցաշինության ծրագիրը պետք է ավարտվեր դեկտեմբերի վերջին, և պատվիրատուն իրավունք ուներ ժամկետը առավելագույնը 65 օրով երկարացնել։ Սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանները, բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջնաժամկետ սահմանվի հունիսի 30-ը։ Դրանից հետո, ըստ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի, շինարարի նկատմամբ տույժեր կսկսեն կիրառել։ ֊ «Այդ դեպքում կսկսեն տույժ ու տուգանքներ կիրառվել, իհարկե՝ եթե չլինեն ֆորս֊մաժորային իրավիճակներ», ֊նշեց Բալասանյանը։

ՎԶԵԲ֊ի ֆինանսավորմամբ ծրագրի առաջին փուլով 12 կմ ճանապարհ է հիմնանորոգվելու: Ծրագրի ընթացքում ի հայտ եկած խնդիրները բացահայտեցին շինարարի և նախագծողի հակասությունները։ Առաջիկայում ծրագրի 2-րդ փուլն է մեկնարկելու, 33 փողոց է հիմնանորգվելու և հին սխալները չկրկնելու համար օրերս քաղաքապետարանում անցկացված խորհրդակցությանը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը շինարար, նախագծող և կոմունիկացիոն սպասարկում իրականացնող գազի, լույսի, ջրի ու կապի բոլոր օպերատորներին առաջարկեց համատեղ աշխատել։ ֊ «Պետք է անենք մեկ անգամ՝ պետք է անենք շատ լավ», ֊ շեշտեց քաղաքապետը։

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ևս մի քանի փողոց ու Գյումրիի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակն են հիմնանորոգելու։ Տեղական բյուջեի միջոցներով կփորձեն երկրորդական փողոցները նորոգել ավելի էժան տարբերակով։ ֊ «Մեր ուժերով կփորձենք՝ քարային, տարբեր եղանակներով ամեն տարի մի 10 փողոց սարքել», ֊ խոստացավ Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետի խոսքով, երբ ՎԶԵԲ-ի և ՀԲ-ի փողոցաշինություն ծրագրերն ավարտվեն, Գյումրիի առանցքային փողոցների մոտ կեսը բարեկարգված կլինեն։ ֊ «Մենք ունենք 220 փողոց, մոտ՝ 180 կիլոմետր երկարություն։ Բավականին մեծ ծավալ ունի մեր մակերեսը՝ մոտ 4400 հեկտար։ Սա շահագործել և պահպանել և ամեն ինչը անել՝ երևի թե կիսով չափ մենք կարևոր, մագիստրալ փողոցները մենք կունենանք», ֊ մանրամասնեց Սամվել Բալասանյանը։

Թե մնացած 50 տոկոսին երբ հերթը կհասնի, այս պահին հարցի պատասխանը չկա:

Մի քանի տարի առաջ մասնագիտական ուսումնասիրություն իրականցվեց Գյումրիում՝ հասկանալու, թե որքան գումար կպահանջվի քաղաքի ցեխառատ ու փոսառատ փողոցները բարեկարգելու համար: Ըստ այդմ, 80-100 մլն դոլարի մասին էր խոսք գնում։ ՀԲ-ն ու ՎԶԵԲ-ը միասին տրամադրել են մոտ 26 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG