Մատչելիության հղումներ

Նախատեսվում է այս տարի Գյումրիի քաղաքային տրանսպորտը համալրել նոր ավտոբուսներով


Փողոցաշինության ծրագրի ավարտին Գյումրիում նախատեսվում է այս տարի քաղաքային տրանսպորտը համալրել նոր ավտոբուսներով:

Քաղաքապետարանն անցած տարի իր տնտեսած 250 մլն դրամով ձեռք է բերելու նոր ավտոբուսներ:

Դիմել են նաև կառավարությանը որպիսի ծրագիրը սուբսիսդավորի 350 մլն դրամով: Եթե կառավարությունը հանաձայնի 60/40 մասնաբաժնով սուբսիդավորել ծրագիրը, ապա, ըստ Գյումրիի քաղաքապետարանի տարանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի, քաղաքային տրանսպորտը կհամալրվի 40-45 ավտոբուսով:

«Կառավարության սուբսիդիան եթե նույնիսկ չլինի, մեր 250 միլիոնով ինչքան որ կկարողանանք, ձեռք կբերենք՝ 18-20 ավտոբուսներ: Ձեռք ենք բերելու 18 միջին տեղատարողությամբ՝ 18 տեղանոց ավտոբուսներ», - հավելեց Սարգսյանը:

Նա ասաց, որ նույնիսկ 40-45 ավտոբուսը բավարար չէ քաղաքի տրանսպորտային սպասարկումը լիարժեք կազմակերպելու համար: Զուգահեռ կշարունակեն գործել նաև միկրոավտոբուսները․ - «Որովհետև էդ 45 ավտոբուսը շատ քիչ է մեր քաղաքում երթուղային ցանց ապահովելու համար: Մեզ պետք է 45-50 ավտոբուս և 70-80 միկրոավտոբուս»:

Քաղաքապետարանը ձեռք է բերելու ավտոբուսները, բայց պարզվում է,որ դրանք շահագործելու իրավունք չունի:

Հարցին, թե ինչպես է կազմակերպվելու շահագործումը, Սարգսյանն արձագանքեց․ - «Ավտոբուսները լինելու են Գյումրի համայնքապետարանի սեփականությունը: Կառավարության որոշում կա, որը որ թույլ չի տալիս, որպեսզի որպես շահագործող, օպերատոր հանդիսանա Գյումրիի համայնքապետարանը: Այսինքն, շահագործելու է միանշանակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն»:

Հիմա քաղաքապետարանը պատվիրել է նաև քաղաքի տրանսպորտի երթուղային ցանցի մշակում: Քաղաքն ընդլայնվել է, սակայն ցանցը այդպես էլ չի արդիականացվել․ - «Երկու կազմակերպություններ են: Մեկը վերանայելու է մեր հին երթուղային ցանցը, մյուսը հնի վրա փոփոխություններ է անելու, լրամշակելու է և մեզ տալու է նոր երթուղային ցանց, որը մեր պահանջով ունենալու է 2-3 ավտոբուսային երթուղիներ, մնացածը կլինի միկրոավտոբուսային»:

Այս պահին 120 միկրոավտոբուս և 15 ավտոբուս է սպասարկում Գյումրի: Եթե առաջիկայում քաղաքի տրանսպորտային ցանցը չթարմացվի ու նոր մեքենաներով չհամալրվի, ապա տրանսպորատային համակարգը կկանգնի լուրջ խնդրի առաջ, քանի որ միկրոավտոբուսների զգալի մասի շահագործման ժամկետը կլրանա:

Որ հանրային տրանսպորտի վիճակը ծանր է, խոստովանում է նաև ոլորտի պատասխանատուն․ - «Օրինակ, էս տարի 15 հատ միկրոավտոբուսներ դուրս են գալիս շահագործումից, մյուս տարի՝ 25-ը․․․ ու գալիս է մի հատ թվական՝ 2022 թիվ, ենթադրենք, ու ունենալու ենք ընդամենը 30-40 միկրոավտոբուս․․․ Միակ փրկությունը քաղաքի տրասնպորտը էս վիճակից հանելու, իմ կարծիքով, սա է»:

Ռուսաստանաբնակ գյումրեցի գործարարները ցանկանում են Գյումրիում սմարթ կանագառներ կառուցել: Այս տարի նախատեսվում է 35 սմարթ կանագառների տեղադրում՝ առաջնահերթություն կտրվի հիմնանորոգված փողոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG