Մատչելիության հղումներ

Գարեգին Զաքոյան․ Վերից վար պիտի փոխվի, և պիտի սկսվի կրթությունից


«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, կինոգետ Գարեգին Զաքոյանն ամեն տարի Ուջան գյուղում կազմակերպում է «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնը:

«Ծիրանը ծառը» ոչ միայն հնարավորություն է տալիս Արագածոտնի մարզի բնակիչներին ծանոթանալ վերջին տարիներին նկարահանված արտասահմանյան վավերագրական, գեղարվեստական, կարճամետրաժ ֆիլմերին, այլև առիթ է դառնում հայաստանցի հատկապես երիտասարդ կինոգործիչների համար ծանոթանալ, շփվել կինոփառատոնին մասնակից արտասահմանցի կինոգործիչների հետ՝ նաև հետագա համագործակցության հեռանկարով:

Եվ ահա, ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր Գարեգին Զաքոյանը, կինոփառատոնի մասնակից կինոռեժիսորներից մեկի հետ հենց այս օրերին սկսում են մի նոր ուշագրավ ֆիլմի նկարահանման աշխատանքները, և այս գործընթացը սկսելու համար «Կինոյի մասին» օրենքի բացակայությունը որևէ դեր չի խաղում:

Հատկապես վերջին երկու տարիներին ակտիվորեն պատկան կառույցներում ոչ միայն քննարկվում է այդ օրենքի անհրաժեշտությունը, այլև օրենքի նախագիծ է մշակվում, որն այդպես էլ վերջնական դրսևորում դեռ չի ստանում:

Գարեգին Զաքոյանի համոզմամբ, ժամանակակից հայ կինոյի զարգացման համար այդ օրենքի բացակայությունը որևէ դեր չի խաղում, որովհետև Հայաստանը Հանրապետության օրենսդրական դաշտը կարող է առանց այդ օրենքի էլ կարգավորել կինոյի ոլորտը: Նա հայ կինոյի ներկայիս «անմխիթար» վիճակը ամենևին չի կապում «Կինոյի մասին» օրենքի բացակայության հետ:

«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե էդ կինոյի օրենքը ում ա պետք: Սա, ինձ թվում ա, մի բլեֆ ա․․․ ի՞նչ օրենք, ինչի՞ համար օրենք: Մենք ընդհանուր օրենքներ ունենք, որ էս չի կարելի, էս կարելի ա․․․ Ում դիմել եմ էդ ջատագովներից, որ ասում են՝ պետք ա, ասել եմ՝ մի հատ ինձ բացատրեք, թե ինչի համար ա պետք, ոչ մեկը ինձ չի կարողացել նորմալ բացատրել», - ասաց Զաքոյանը:

Դիտարկմանը, թե օրենքի կողմնակիցները պնդում են, որ այն կնպաստի համատեղ ֆիլմերի համար ֆինանսավորում ապահովելուն, նա հակադարձեց․ - «Էլի համատեղ ֆիլմ: Հեսա մենք վաղը ֆիլմ ենք սկսում պարսիկների հետ՝ մուլտֆիլմ Հայաստանի մասին: Մեր փառատոնի մասնակիցներից մեկն ա, որը եկավ Ուջան, եկավ Հայաստանը տեսավ, սիրահարվեց և հիմա Հայաստանի մասին ֆիլմ ա անում․․․ Ի՞նչ օրենք ա պետք: Օրենքը մի խախտի, ընդհանուր Հայաստանի Հանրապետության օրենքներ կան»:

Կինոյի, առհասարակ արվեստի ու մշակույթի ասպարեզում ներկայիս իրավիճակի պատճառը, Գարեգին Զաքոյանի համոզմամբ, հետևյալն է․ - «Ամբողջ կառուցվածքը սխալ ա: Ոչ միայն կինոյի, ընդհանրապես այն ամենի, ինչ վերաբերում ա արվեստին, մշակույթին: Սա պետք ա շատ լուրջ ռևիզիայի ենթարկել․ ի՞նչ վիճակում ա մեր ճարտարապետությունը, ի՞նչ վիճակում ա մեր կերպարվեստը, գրականությունը»:

Անդրադառնալով դրա պատճառներին՝ նա ասաց․ - «Որովհետև պահանջարկ չունենք: Եթե կիրթ մարդ չունենք, ո՞վ պիտի տարբերի լավ շենքը վատ շենքից: Բաներ են անում, որ ռաբիսը արգելեն․․․ արգելելով չի: Դու դաստիարակի նենց քո սերունդը, որ իրա ականջը ուրիշ բան շոյի․․․ նույնը աչքը, նույնը․․․ ամեն տեղ նույն բանն ա: Դպրոցում պետք ա երաժշտությունը դառնա պարտադիր առարկա, ֆիզիկայի, քիմիայի նման, ոչ թե նենք ստից, ոնց որ հիմա․․․ Վերից վար պիտի փոխվի, և պիտի սկսվի կրթությունից: Կրթության նախարարությունը մշակույթի հետ որ միացրել են, սա ամենախելոք բանն ա: Որովհետև կրթությունն ու մշակույթը նույն բանն ա․․․ Բայց այստեղ պետք է առանձնացնել արվեստը, որովհետև արվեստը արդեն մշակույթ չի, շատ բարակ թելով կապված ա, բայց նույնը չի: Մշակույթը արգելքների ցուցակ ա, և ճիշտ հակառակը արվեստը՝ դա ազատության ցուցակ ա, դու ամեն ինչում ազատ ես, ոչ մեկը քեզ չպիտի ասի էսպես կամ էնպես: Նույնը գիտությունը: Գիտությունը և արվեստը պիտի առանձնանան: Կրթության և մշակույթի նախարարություն պետք է լինի, և Գիտության և արվեստների ակադեմիա՝ լրիվ անկախ մի մարմին, որովհետև մարդկության ամբողջ պատմությունը էդ ձևով ա զարգացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG