Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի փաստաբանը հաստատում է՝ նախկին նախագահը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

«Կարող եմ անդրադառնալ մի հարցի, որը շրջանառվում է մամուլում, թե պարոն Սարգսյանը մեղադրող ցուցմունքներ է տվել պարոն Քոչարյանի դեմ․ հերքում եմ, դրանք միանշանակ սուտ են և ոչ իրական, այդպիսի ցուցմունքներ պարոն Սերժ Սարգսյանը չի տվել», - ասում է Ամրամ Մակինյանը:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է: Մակինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք երրորդ նախագահն էլի է հրավիրվել հարցաքննության։

«Նախաքննության գաղտնիքով պայմանավորված գտնում ենք, որ այս փուլում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն», - հայտարարեց փաստաբանը:

Չմանրամասնեց նաև՝ քանի անգամ է Սարգսյանը հարցաքննվել: Մամուլը, մի քանի հարցաքննությունների մասին է գրել: Դրանք, ըստ հրապարակումների, բավականին երկարատև են եղել՝ մինչև 6-ժամանոց։

Հատուկ քննչական ծառայությունն օրեր շարունակ այս լուրերը չի հերքում, բայց մանրամասներ էլ չի ներկայացնում:

Միայն այսօր ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, փոխանցեց, որ Սերժ Սարգսյանը ծառայությունում քննվող որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:

Թե Մարտի 1-ի գործով ինչ հարցեր են քննիչները տալիս Սերժ Սարգսյանին, նրա փաստաբանը չմանրամասնեց․ - «Ցավոք, այս պահին իրավասու չեմ մանրամասնել շրջանակը՝ պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ։ Կարող եմ անդրադառնալ մի հարցի, որը շրջանառվում է մամուլում, թե պարոն Սերժ Սարգսյանը մեղադրող ցուցմունքներ է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ․ հերքում եմ, դրանք միանշանակ սուտ են և ոչ իրական, այսպիսի ցուցմունքներ պարոն Սարգսյանը չի տվել»։

Հարցին, թե ինչ ցուցմունքներ է տվել, ինչ-որ մեկի դեմ տվե՞լ է, Մակինյանն ասաց, որ չի կարող բովանդակային առումով հրապարակել, իսկ «դեմ»-ը, նրա կարծիքով, գնահատողական կատեգորիա է՝ հորդորելով՝ մի գնահատեք այն, ինչ չգիտեք:

«Պատասխանատվության իր բաժինը Սերժ Սարգսյանը տեսնո՞ւմ է մարտի 1-2-ի» հարցը իրեն ուղղելը փաստաբանը կոռեկտ չհամարեց:

Իսկ հարցին, թե արդյոք նախադրյալներ տեսնում է, որ երրորդ նախագահի կարգավիճակը փոխվի, նրան մեղադրանք առաջադրվի, Ամրամ Մակինյանն այսպես արձագանքեց․ - «Մենք խոսում ենք փաստական տվյալներով․ պարոն Սարգսյանը վկայի դատավարական կարգավիճակ ունի»։

Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՞լ է 0038 հույժ գաղտնի հրամանից․ փաստաբանն արձագանքեց․ - «Ցանկացած հարցի՝ no comment»:

2008-ի փետրվարին տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքներով, Հայաստանի նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Սակայն մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ նա դեռևս չէր ստաձնել պարտականությունները, զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը: Այդ օրերին երկրի թիվ մեկ պաշտոնյային՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, նա դեկտեմբերի սկզբից կալանքի տակ է:

Ի դեպ, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով Հատուկ քննչական ծառայությունում երեկ հարցաքննվել է նաև Հայաստանի առաջին նախագահ, 2008-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունող Լևոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում միայն տեղեկացրել էր, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից, և եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությանը կտեղեկացնեն: Այլ մանրամասներ Տեր-Պետրոսյանի հարցաքննության մասին Մուսինյանը չէր հաղորդել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG