Մատչելիության հղումներ

Այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը, Երևան, 8-ը փետրվարի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը, Երևան, 8-ը փետրվարի, 2019թ․

Այսօր արտահերթ նիստում գործադիրը միաձայն կողմ քվեարկեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնք կմշակվեն կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը լիարժեք համապատասխանում է իրենց հայեցակարգային պատկերացումներին:

«Մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը, որ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, և ըստ էության, մենք այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է։ Կառավարության առանցքային դերակատարումը լինելու է այն, որ այդ հնարավորությունները լինեն կիրառելի, ոչ թե դեկլարատիվ, այլ իսկապես մարդիկ հնարավորություն ունենան ռեալ տեսնել, շոշափել և իրենց ձեռքում ունենալ այդ հնարավորությունը, և այդ հնարավորությունները ապահովված լինեն կիրառման համապատասխան գործիքակազմով», - նշեց Փաշինյանը։

Ծրագիրը կառավարությունը այսօր կուղարկի Ազգային ժողով, և համաձայն Սահմանադրության 151-րդ հոդվածի՝ ծրագիրը հավանության պետք է արժանանա յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, հակառակ դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ծրագիրը կառավարությունը հրապարակել է դեռ նախորդ՝ փետրվարի 6-ի նիստի ժամանակ, ինչից հետո հիմնական քննադատությունը, որ հնչել էր, թվերի բացակայությունն էր: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ, նշում է՝ այսօր ՀՆԱ-ի նկատմամբ ապրանքների և ծառայությունների արտահանման շուրջ 38 տոկոս ունենք և ծրագրով նախատեսվում է այն բարձրացնել մինչև 43-45 տոկոսի։

«Դա հնարավոր է այն պայմաններում, երբ մենք յուրաքանչյուր տարի ունենանք արտահանման 8-10 տոկոս աճ։ Դա բավական բարձր և հավակնոտ նպատակային ցուցանիշ է», - ասաց Խաչատրյանը։

Հաջորդ կարևոր ցուցանիշը հիմնական միջոցներում զուտ ներդրումների աճն է, որը նախատեսվում է 2023 թվականին հասցնել ՀՆԱ-ի 23-25 տոկոսի, ներկայումս այն տատնվում է 18-19 տոկոսի սահմանում, բացի այդ, ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս, նման աճը թույլ կտա տարեկան ստեղծել առնվազն 17-ից 18 հազար աշխատատեղ, ասում է նախարարը: Այդ պատճառով էլ նա չի ընդունում քննադատությունները, թե սա բաժակաճառերի ծրագիր է։

«Չեք գտնի որևէ բաժակաճառ, ովքեր որ էդպիսի որակումներ են տալիս, կարծում եմ, որ բավականաչափ ուշադիր չեն կարդացել ծրագիրը։ Կարող է բովանդակային առումով շատ տարբերություններ չգտնեք, այսինքն դուք կգտնեք ավելի ահավանական է շեշտադրումների տարբերություններ, ավելի կարևոր է, թե կառավարությունն իրականում այդ հայտարարված ուղղություններով ինչպիսի քայլեր է կատարում», - ասաց Խաչատրյանը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին:

«Մեր ծրագիրը ես կբնութագրեի որպես նախաձեռնողական և որպես ռիսկ վերցնելու և իրականացնելու, և մեր տեսլականն ամբողջությամբ պարփակված է այդ ծրագրում», - ընդգծեց Արշակյանը։

Շեշտակի ավելացում են նախատեսում ռազմարադյունաբերության գիտատեխնիկական և հետազոտական ոլորտում: Թիմի ձևավորումը սկսել են, առաջիկայում չափելի արդյունքեր են խոստանում։

«Մի թյուրընկալում կա, որ երբ որ ասում ես ռազմարդյունաբերություն մարդիկ տանկ են պատկերացնում կամ հրանոթ, ես ուզում եմ ասել, որ ներկա իրավիճակում աշխարհում ամբողջությամբ փոխվել է մարտի տարման կանոնները։ Մենք ստեղծելու ենք պորտֆելներ պրոդուկտների և ծառայությունների և նաև մեր գրտահետազոտական պոտենցիալի և ուղղակի վաճառքով ենք զբաղվելու դրսի մեր շուկաներում մեր գործընկերների հետ», - նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը։

Կառավարության նիստին վարչապետը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվեն Հարկային օրենսգիրքը, դրանից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը: Ավելի ուշ վարչապետը ֆեսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ վերջնականորեն ավարտել են քննարկումները և կառավարությունը բաղկացած կլինի 12 նախարարություններից:

Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG