Մատչելիության հղումներ

Կլինի 12 նախարարություն. կառավարության կառուցվածքի քննարկումներն ավարտվել են. Փաշինյան


Հայաստանում կլինի 12 նախարարություն, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջնականորեն ավարտել են կառավարության կառուցվածքի քննարկումները։

«Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում», - գրել է վարչապետը:

Դեռ անցած տարեվերջին որոշ նախարարություններ ստացել էին մի նախագիծ, ըստ որի, նախարարությունների թիվը կրճատվելու է 5-ով՝ դառնալով 12։ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի շրջանառվող նախագծով, լուծարվելու են Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանալու են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը՝ Տարածքային կառավարմանը, Գյուղատնտեսության նախարարությունը՝ Տնտեսական զարգացմանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անվանումը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։

Հունվարի 17-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը միտքը չի փոխել, նախարարությունների թիվը կրճատվելու է, բայց քանի դեռ քննարկվում են կառավարության կառուցվածքում փոփոխությունները, կնշանակվի կառավարության անդամների երկու երրորդը, որպեսզի գործադիր մարմինը ըստ օրենքի ձևավորված համարվի:

Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ նախարարությունների մեծ թիվը նշանակում է ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր։

Նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 19-ի հրամանագրեր ստորագրեց 12 նախարարների նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:

Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց Արտաքին գործերի նախարար, Դավիթ Տոնոյանը՝ Պաշտպանության նախարար, Ֆելիքս Ցոլակյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ Ֆինանսների նախարար, Տիգրան Խաչատրյանը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հակոբ Արշակյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Էրիկ Գրիգորյանը՝ Բնապահպանության նախարար, Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նախարար, Արսեն Թորոսյանը՝ Առողջապահության նախարար, Զարուհի Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Սուրեն Պապիկյանը՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արայիկ Հարությունյանը՝ Կրթության և գիտության նախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG