Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հետազոտվելու: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Մանվել Գրիգորյանը պարբերաբար գտնվել է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո, իսկ այսօր պարզապես հերթական հետազոտությունն են կատարում։ Այնպես չի, որ ծայրահեղ ծանր վիճակում է եղել, մենք դրա համար ենք տեղափոխել, հերթական հետազոտության համար է տեղափոխվել», - ասաց Նավիկյանը:
2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր շուրջ կես տարի։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Իսկ արդեն հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու՝ դատախազության բողոքը, և նա կրկին կալանավորվեց։
Պաշտպանական կողմը գեներալին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացրել դատարան։
Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։
Տե՛ս նաև այստեղ