Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան։

«Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում օգտվելու ենք բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և՛ դատարան, և՛ դատախազություն, ինչպես նաև միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանին։ Օրակարգում է նաև գանգատով ՄԻԵԴ դիմելու հարցը, և նախորդ Վերաքննիչի որոշումից հետո բողոք է տրված Վճռաբեկ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր շուրջ կես տարի։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Իսկ արդեն հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու՝ դատախազության բողոքը, և նա կրկին կալանավորվեց։

Պաշտպանական կողմը կալանավորման որոշումը շարունակում է համարել անօրինական։ Փաստաբանը նշում է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ավելի վատ է, քան նախկինում էր։

Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG