Կառավարությունն այսօր արտահերթ նիստում ընդունեց հնգամյա ծրագիրն ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման։
Նախքան քվեարկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակել են տնտեսական հեղափոխության հայեցակարգը և ըստ էության այս ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկն՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է։
«Կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունը՝ ստեղծել հնարավորություններ և մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից, և կառավարության առանցքային դերակատարումը լինելու է այն, որ այդ հնարավորությունները լինեն կիրառելի և ոչ թե դեկլարատիվ», - ասաց Փաշինյանը։