Մատչելիության հղումներ

Պարգևատրումների հարցում պետք է լինեն հստակ չափորոշիչներ. Թունյան


«Իմ քայլը» խմբակցությունը երեկ Ազգային ժողովում փակ հանդիպման էր հրավիրել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Օրակարգում, մասնավորապես, պարգևավճարների հարցն էր։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը քննարկումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ եկել են այն եզրահանգման, որ պարգևատրումների հարցում կա համակարգային փոփոխության կարիք։

«Առաջարկվեց վերին շեմ սահմանել գոնե պարգևավճարների, որին ֆինանսների նախարարն իր նկատառումներն ունի, որ դա որոշակի խզում է առաջացնում, բայց ամեն դեպքում պետք է լինեն հստակ չափորոշիչներ, որովհետև, տեսեք ինչ է ստացվում, կա արտաբյուջե, որի որոշակի տոկոսը կարող է որպես պարգևավճար բաժանվել, ու դրա մեջ համամասնությունն արդեն սուբյեկտիվ գործոն է, ու ստացվում է, որ գերատեսչության ղեկավարը կարող է ում հետ լավ հարաբերություն ունի` պարզապես նրան ավելի շատ վճարել, դա նաև կոռուպցիոն ռիսկ է ենթադրում», - ասաց Թունյանը։

Նրա խոսքով՝ ճիշտ լուծումը գտնելու համար պետք է մեխանիզմներն այնպես մշակել, որ ո՛չ մարդկանց մոտիվացիան թուլանա դրանից, ո՛չ ընդհանուր տրամաբանությունը խախտվի։

«Դա մի օրում որոշելու բան չէ։ Տարբեր գաղափարներ հնչեցին, տարբեր կարծիքներ հնչեցին, կոնսենսուսը, կարելի է ասել, ընդհանուր այն էր, որ մենք պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատենք, որպեսզի հետո այսպիսի խնդիրների առաջ չկանգնենք», - ասաց Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը։

Հարցին, թե, օրինակ, ո՞ր սանդղակն էր առաջարկվում, կամ քանի՞ միլիոն դրամից ավել չի կարող լինել պարգևավճար, Թունյանը պատասխանեց. - «Սանդղակ կոնկրետ չենք առաջարկել, չեմ կարող էդպիսի բան ասել, դա ավելի շատ զգայական կամ սուբյեկտիվ տիրույթում է, բայց կարծում եմ, որ դուք էլ կհամաձայնեք, երբ պարգևավճարի չափը տասնյակ անգամ գերազանցում է կամ մի քանի անգամ գերազանցում է աշխատավարձին, դա մի քիչ ճիշտ չի ընկալվում, որովհետև մի քանի միլիոն դրամի պարգևավճարը միանգամից մարդկանց մեջ սոցիալական անարդարության զգացում է առաջացնում, ու մանավանդ, երբ հստակ չէ, թե էդ մի քանի միլիոն դրամն ինչի համար է տրվել։ Հստակ պետք է չափորոշիչներ լինեն, որ հասկանանք՝ էս մարդուն էսինչ գործի համար տալիս ենք էսքան ու նաև չենք կարող գերազանցել, որովհետև այսօրվա կարգավորումներուվ չի բացառվում, որ ինչ-որ մեկին անգամ 20 միլիոն դրամ վճարած լինեն, ու դա լիներ օրենքի շրջանակում։ Օրենքի առումով ամեն ինչ նորմալ է, ու եթե օրենքի առումով ամեն ինչ նորմալ է, ու մենք ունենք խնդիր, նշանակում է, որ խնդիրն օրենքի հետ է»։

Անցյալ տարեվերջին Հայաստանի գրեթե բոլոր պետական գերատեսչություններում տրվել էին պարգևավճարներ, ինչպես նաև այսպես կոչված 13-րդ աշխատավարձ։ Հատկապես շռայլ բյուջով աչքի էին ընկել Երևանի քաղաքապետարանը և Պետեկամուտների կոմիտեն։ Աղքատության և գործազրկության ֆոնին այդ բարձր պարգևավճարները շատերը դիտարկեցին որպես քաղաքացիների հարկերից գոյացող միջոցների վատնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG