Կառավարությունը մտադիր է պարգևավճարների հարցին համակարգային լուծում տալ և դա լինի «հրապարակային, թափանցիկ և բոլորի համար կանխատեսելի ու հասկանալի», այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության հետ շուրջ 4 ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո:
«Ազատության» հարցին՝ ի՞նչ կարգ են մտածում, որպեսզի գերատեսչությունների ղեկավարները իրենք իրենց միլիոնավոր դրամների պարգևավճարներ չհատկացնեն, Ջանջուղազյանը պարզաբանեց․ - «Այդ հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով: Տվյալ դեպքում՝ գործատուի գործառույթը պատվիրակված է նախարարին: Ինքն իրեն պարգևատրելու մասին չէ խոսքը այստեղ, այլ գործատուի կողմից պարգևատրման: Այն, որ համընկնում է անձը այդ դեպքում՝ դա Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթ է»:
«Ազատության» ճշտող հարցին՝ ինչպե՞ս է գնահատել ինքն իր աշխատանքը անցած տարի, որ 5 միլիոն դրամ պարգևավճար է ինքն իրեն հատկացրել, ֆինանսների նախարարն ասաց, թե արդեն իսկ առիթ ունեցել է պարզաբանելու, որ դեկտեմբերին իրեն վճարված այդ գումարը ընդհանուր համախառն վճարում է, որը ներառում է երկու աշխատավարձ, արձակուրդային գումարներ և ներառում է նաև հարկերը։ - «Ձեզ համար հասանելի է, ես հայտարարատու եմև կարող եք տեսնել, որ 2017-ի և 2018-ի իմ վարձատրությունները իրարից տարբերվել են ընդամենը 10 տոկոսով»,- հավելեց Ատոմ Ջանջուղազյանը: