Շվեյցարիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ բանակցությունները ավարտվել են և պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011թ․ ստեղծված մաքսային համաձայնագրի իրականացման համար: Փետրվարի 5-ի ամսաթվով տարածված հայտարարությունում նշված է, որ Շվեյցարիան կշարունակի ակտիվ դեր խաղալ նոր փուլի ընթացքում և կգլխավորի համատեղ հանձնաժողովը, ոը կոչված է իրականացնելու 2011-ի համաձայնագիրը:
Համատեղ հանձնաժողովում ընդգրկված են Ռուսաստանի, Վրաստանի, Շվեյցարիայի ներկայացուցիչները, առաջին նիստի մասին նշված է, որ այն անցկացվելու է Ժնևում՝ փետրվարի 6-ին:
Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են փետրվարի 6-ի նիստին: «Գրուզիա օն֊լայն»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը երեկվա նիստի մասին հաղորդում է, որ համատեղ հանձնաժողովի խնդիրն է վերահսկել Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների մոնիթորինգային մեխանիզմների ու մաքսային վարչության հետ կապված հարցերը, լուծել հնարավոր վիճելի հարցերը և անհրաժեշտության դեպքում հրավիրել մասնագետների:
Համատեղ հանձնաժողովի նիստում մասնավոր SGS ընկերությունը, որը երկու պետությունների կողմից լիազորություն ունի, համառոտ հաշվետվություն է ներկայացրել իր մանդատի շրջանակներում իրականացված գործունեության մասին:
Համաձայնագրով նախատեսված հարցերի քննարկումները կշարունակվեն նորաստեղծ աշխատանքային խմբի շրջանակում:
Շվեյցարիայի արտգործնախարության պաշտոնական կայքում տեղադրված փետրվարի 5-ի հաղորդագրությունը հիշեցնում է, որ 2011 թվականի նոյեմբերի 9-ին Ժնևում Ռուսաստանն ու Վրաստանը երկկողմ համաձայնագիր են ստորագրել բեռնափոխադրումների մոնիթորինգի ու մաքսային կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ:
Առանց որևէ տեղանքի անուն նշելու՝ Շվեյցարիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ համաձայնագրով նախատեսվում է առևտրային երեք միջանցքներով անցնող ապրանքների մոնիթորինգային մեխանիզմների իրականացում չեզոք մասնավոր ընկերության կողմից: Մաքսային համաձայնագիրը ստորագրելու պահից սկսած Շվեյցարիան հանդես է գալիս որպես երրորդ՝ չեզոք կողմ, որպեսզի ապահովի դրա իրականացումը:
Նշենք, որ հիմնական համաձայնագրից հետո Վրաստանը՝ 2017, Ռուսաստանը՝ 2018 թվականին պայմանագրեր են ստորագրել շվեյցարական SGS մասնավոր ընկերության հետ ռուս֊վրացական սահմանով բեռնափոխադրումների մաքսային վարչություն իրականացնելու համար:
Չնայած կատարված նախապատրաստական այս աշխատանքներին, վերջին օրերին կողմերը համաձայնագրին քաղաքական որոշ երանգներ են հաղորդում: Մասնավորապես, վրացական կողմը Ռուսաստանից հնչող մեկնաբանությունները սադրիչ է որակել, քանի որ մաքսակետեր տեղադրելով Աբխազիայի և Հարավային Օիայի սահմանին, ստացվում է, որ Թբիլիսին ճանաչում է իր օկուպացված համարվող շրջանների անկախությունը: Վրացական կողմը պնդում է, որ 2011 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ մասնավոր ընկերության ներկայացուցիչները պետք է տեղակայվեն առևտրային միջանցքների սկզբում և վերջում, օկուպացված շրջաններում նրանք անմիջականորեն չեն գտնվելու: Ներքին մոնիթորինգ են իրականացնելու, այլ ոչ թե մաքսային տերմինալներ են բացվելու:
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանն ասել է, որ 2011 թվականի համաձայնագիրը երկու կողմերի փոխզիջումների արդյունք է: Նրա խոսքով՝ ստեղծվել է առևտրային միջանցքների բոլորովին նոր հասկացություն, առանց նշելու, թե կոնկրետ ում են դրանք պատկանում, ինչ տարածքներով են անցնում: «Կավկազկի ուզել» հանդեսին տված մեկնաբանությունում Օլեսյա Վարդանյանն ասել է, թե համաձայնագիրը անորոշ է թողնում Աբխազիայի ու Հարավային Օսիայի կարգավիճակը, կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն տալով իրավիճակը մեկնաբանել իրենց օգտին:
Տնտեսագետ Գեորգի Խուխաշվիլիի կարծիքով, Ռուսաստանը այդ համաձայնագիրը իրականացնում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու նպատակով: Փորձագետ Դավիթ Դարչիաշվիլիի կարծիքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ կողմնորոշված է դեպի Արևմուտք, ուստի Ռուսաստանը փորձում է Հայաստանի հետ բեռնափոխադրումների ծավալները ավելացնելու միջոցով պահել Հայաստանը իր շահերի ոլորտում: